17:48 | 06.07.22 | Հոդվածներ | exclusive 2678

vCity.guide-ի ինտերակտիվ քարտեզը եւ վիրտուալ տուրերը

Հայաստանում թանգարան, կինոթատրոն կամ ռեստորան այցելելուց առաջ կարող եք վիրտուալ տուր ունենալ այնտեղ, ընտրել ձեզ հարմար տեղը կամ պարզապես խուսափել տվյալ վայրում առաջին ծանոթության անհարմարություններից. vCity.guide-ի ինտերակտիվ քարտեզը ձեզ կտա այդ հնարավորությունը:

Itel.am-ը vCity.guide-ի համահեղինակ, տեխնիկական գծով ղեկավար Հայկ Մեսիայի հետ զրուցել է առցանց հարթակի նպատակի, հնարավորությունների եւ նոր նախագծերի մասին:

Անվճար տեղեկատուի նոր տարբերակ

«vCity.guide-ն առցանց հարթակ է, որտեղ 3D վիզուալիզացիայով 17-ից ավելի կատեգորիայում ներկայացված են մշակութային օջախներ, co-working տարածքներ, ռեստորաններ, հյուրատներ, մարզասրահներ եւ այլն։ Հարթակում նորագույն տեխնոլոգիաների՝ 3D եւ ընդլայնված վիրտուալ իրականության շնորհիվ օգտատերն իր փնտրած վայրը գտնում է թվային աշխարհում»,- ասում է Հայկը:

Հայկ Մեսսիան Հայկ Մեսսիան
photo © Մեդիամաքս


Հայկի խոսքով՝ իրենց հարթակը դիրքավորվել է որպես անվճար տեղեկատուի նոր սերնդի տարբերակ, որտեղ ոչ միայն 3D տարբերակով կարելի է դիտել ներկայացված վայրը, այլեւ հավելյալ տեղեկատվություն ստանալ դրա մասին. «Մեր տված տեխնիկական լուծումները կիրառելի են բազմաթիվ ոլորտներում՝ մշակույթի, մանրածախ առեւտրի, անշարժ գույքի վաճառքի, ֆինանսական, տուրիստական եւ այլ ծառայությունների»:

Վիրտուալ տուր Հայաստանի թանգարաններով

vCity.guide-ի «Պատմություն եւ արվեստ» կատեգորիայում այս պահին շուրջ 21 մշակութային հաստատություն է ներկայացված: Ցանկը շարունակում են համալրել:

«Արտասահմանում շատ տարածված են վիրտուալ տուրերը դեպի տարբեր պատմական վայրեր՝ եկեղեցիներ, թանգարաններ, ցուցասրահներ: Հենց այդ մոդելն էլ կիրառել ենք մեր հարթակում: Գաղափարը դուր է եկել թանգարաններին եւ շատ լավ է ստացվել համագործակցությունը:

photo © Մեդիամաքս


Վերջերս նկարել ենք Դիլիջանի Ժողովրդական արվեստների թանգարանը, որը հիմա պետք է վերանորոգվի եւ շուրջ երեք տարի փակ է լինելու, բայց այս տարբերակով այն կշարունակի հասանելի մնալ այցելուներին»,- ասում է Հայկը:

Հայկ Մեսսիան Հայկ Մեսսիան
photo © Մեդիամաքս


Թանգարանների հետ համագործակցության ընթացքում մի փոքր մտավախություն են ունեցել՝ մարդիկ եթե վիրտուալ շրջեն թանգարանում, հետո իրականում էլ կայցելե՞ն, բայց եկել են այն եզրակացության, որ դա բացարձակ դեր չի խաղում. «Թանգարան այցելել ցանկացողը հետո էլ կգնա, քանի որ, միեւնույն է, իրականը եւ վիրտուալը տարբեր աշխարհներ են, եւ ինչքան էլ վիրտուալում ռեալիստիկ կարող ես ներկայացնել, ինֆորմացիա տրամադրել, ֆիզիկապես ներկա գտնվելով այլ են էմոցիաները: Այս տարբերակը շատ ավելի գրավում է դրսում ապրող մեր հայրենակիցներին, որոնք կուզենային տեսնել, բայց այդ պահին հնարավորություն չունեն այցելելու»:

Բիզնեսի հետ աշխատանքը

«vCity.guide-ում բիզնեսը ներկայացնելը սկսել ենք ամենատարբեր խանութների հետ համագործակցությամբ: Հետո համագործակցեցինք խոշոր առեւտրի կենտրոնների՝ մոլերի հետ եւ ձեւավորվեց մեր vMall հարթակը: Նպատակն այն էր, որ մարդը վիրտուալ պտտվի, տեսնի՝ ինչ է կատարվում խանութում, հետո այցելի գնումներ անելու: Շուտով մեր օգտատերերին հնարավորություն կտանք ծանոթանալ հարթակում ներկայացված խանութների ապրանքների գներին»,- ասում է Հայկը եւ նշում, որ ի տարբերություն մշակութային օջախների՝ համագործակցությունը եւ matterport-ի միջոցով եռաչափ նկարահանումները բիզնեսի համար վճարովի է՝ 10 հազար դրամ եւ ավելի արժեքով՝ կախված տարածքից, չափից:

Հայկ Մեսսիան Հայկ Մեսսիան
photo © Մեդիամաքս


Հարթակում ռեստորանների, սրճարանների, հյուրատների վիզուալացմամբ էլ համահեղինակները փորձել են միջավայրի հետ առաջին ծանոթությունն ավելի հարմար դարձնել:

«Երբեմն, առաջին անգամ որեւէ սրճարան կամ ռեստորան գնալուց առաջ ամենամանր դետալներն ուզում ես իմանալ, օրինակ՝ որտեղ լվացվել կամ տեսնել սեղանների դասավորությունը: Վիզուալացված տարբերակով դիտելուց հետո միջավայրի հետ առաջին ծանոթության, անհարմար զգալու տարբերակն արանքից դուրս է գալիս, ավելի հեշտ է լինում պատկերացնել, թե ուր ես գնում:

Առաջիկայում տեխնոլոգիան այնպես կմշակենք, որ թույլ տանք վիրտուալ տարբերակով միջավայրին ծանոթանալուց բացի՝ նաեւ ամրագրումներ կատարել»,- ասում է Հայկը:

Վիրտուալ այց՝ էքսպո ցուցահանդեսներ

vCity.guide-ի համահեղինակները նախագծել են vExpo.center հարթակը:

«vExpo-ն «մեկ հարկի» տակ ներկայացնում է տեխնոլոգիական եւ բիզնես ցուցահանդեսներ: Եթե, օրինակ, այս տարի չեք հասցրել ներկա լինել Digitec Expo 2021-ին, ապա մեր վիրտուալ էքսպո հարթակում հնարավորություն կա մեկ տարի շարունակ այցելել էքսպո, տեսնել՝ ովքեր են մասնակցել, «շրջել» տաղավարներով եւ մանրամասն ծանոթանալ դրանց»,- նշում է Հայկը:

photo © Մեդիամաքս


«Նման հարթակների մշակմամբ նպատակ ունենք օգտակար ծառայություն տալ թե մշակութային, հասարակական գործունեություն իրականացնող հաստատություններին, թե սպառողին եւ բիզնեսի ներկայացուցչին: Այս դեպքում մենք կապող օղակ ենք բիզնեսի եւ հաճախորդի միջեւ, որ մաքսիմալ պարզ ներկայացնենք խանութը կամ սրճարանը»,- ասում է նա:

Հայկի խոսքով՝ առանց որեւէ գովազդի հարթակն օրական 300-350 այցելու է ունենում, ինչն իրենց ոգեւորում է, որ այսքանով չսահմանափակվեն. «Հետագայում կավելացնենք, որ ամեն մի ծառայության, ապրանքի, թանգարանային նմուշի մասին տեքստային տարբերակով կամ վիդոետարբերակով առավել մանրամասն պատմվի օգտատերերին»:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի