11:14 | 16.06.22 | Հոդվածներ | exclusive 3821

BarCamp Yerevan 2022. առանց «թիթիզ» բեյջերի եւ մասնակցության ռեկորդի ակնկալիքով

Հունիսի 18-19-ը Երեւանում կանցկացվի BarCamp Yerevan 2022 թվով 13-րդ (չ)կոնֆերանսը։

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը: Հայաստանում ԲարՔեմփն անցկացվում է 2009 թվականից:

Այս տարիների ընթացքում այն դարձել է ամենամասշտաբային ՏՏ եւ մեդիա միջոցառումը՝ տարեց տարի ավելի ընդլայնվելով։ Նախորդ տարի այն անցկացվել է նաեւ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Դիլիջան քաղաքներում։

Itel.am-ը հանդիսանում է BarCamp Yerevan 2022 ինֆորմացիոն գործընկերը։ Կազմակերպիչներ Արմեն Գրիգորյանը եւ Գոռ Էլչյանը պատմում են ԲարՔեմփի (չ)կոնֆերանս լինելու, Հայաստանում առաջին միջոցառման, դժվարությունների ու սպասվող նորամուծությունների, հետաքրքիր իրադարձությունների մասին։

ԲարՔեմփի առանձնահատկությունը

Գոռ

ԲարՔեմփն ամբողջության կամավորական հիմունքներով կազմակերպվող միջոցառում է։ Այն ստեղծված է ՏՏ եւ մեդիա համայնքը զարգացնելու, գիտելիքներով կիսվելու համար։ Ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ ոչ մի ֆորմալ մաս չկա։

Գոռ Էլչյանը  Գոռ Էլչյանը
photo © BarCamp Yerevan


Եթե այլ միջոցառումների ժամանակ մարդիկ կոստյումներով, ինչ-որ թիթիզ բեյջերով, պաշտոններով են, այս առումով ԲարՔեմփը շատ ավելի պարզ է։ Մուտքն ազատ է բոլորի համար, թեթեւ ֆորմատ է։ Եթե ինչ-որ պրեզենտացիա դուր չի գալիս, կարելի է դուրս գալ ու մինչեւ վերջ ստիպված չնստել։

Արմեն

Գալիս են մարդիկ, որոնք սիրում են շփվել ու ուզում են փոխանցել իրենց գիտելիքները եւ իրենց ամեն ինչ հետաքրքիր է։ Նրանց որոշ մասն, իհարկե, լավ մասնագետներ են իրենց իսկ ոլորտում։ Խոսնակները գումար չեն ստանում, կազմակերպիչներն էլ են կամավորական հիմքով աշխատում։ Հովանավորներից ստացած ամբողջ գումարը ծախսում ենք կազմակերպչական աշխատանքների, միջազգային հյուրեր հրավիրելու, մերչենդայզի, նաեւ տեսանկարահանման վրա։

Առաջին ԲարՔեմփը Հայաստանում ու դժվարությունները

Արմեն

ԲարՔեմփ գաղափարը ստեղծվել է 2006 թվականին։ 2008-ին Հայաստանում հավաքվել են մի խումբ էնտուզիաստներ ու որոշել մեզ մոտ էլ կազմակերպել։ 2009-ին կայացել է առաջին միջոցառումը, որն այնքան էլ մեծ չէր, մոտ 300 հոգի էր մասնակցել։ Հաջորդ տարի արդեն  600-700 էր ու մասնակիցների քանակը պրոգրեսիայով աճեց։
 

Արմեն Գրիգորյանը Արմեն Գրիգորյանը
photo © BarCamp Yerevan


Եղել է, որ շատ տարօրինակ հովանավորներ ենք ունեցել, քանի որ ուրիշ հնարավորություն չկար։ Առաջին 2-3 տարին էր դժվար, հետագայոմ արդեն մեր ընկերներն ու հովանավորները շատ մեծ աջակցություն սկսեցին տրամադրել ու ֆինանսական խնդիրներ չենք ունեցել։

Գոռ

Համայնքն էլ արդեն հասկացավ ԲարՔեմփի արժեքը  ու ընկերությունները հետաքրքրված են ԲարՔեմփում իրենց ներդրումն ունենալ։ Վերջին տարիներին փորձում էին ավելի կոմերցիոն միջոցառման վերածեին ԲարՔեմփը, բայց մեզ դա դուր չեկավ ու որոշեցինք առանձին քննարկում ունենալ այդ թեմայի շուրջ, որպեսզի բացատրենք, թե որն է իսկական արժեքը։

Արմեն

Մի քանի ընկերություններ «ծնվել» են հենց ԲարՔեմփում։

Սկանդալներ ու ընդհատված ելույթներ  

Գոռ

Բովանդակությունը չպետք է գովազդային լինի, այլ պետք է ավելի ուսուցողական բնույթ կրի:

photo © BarCamp Yerevan


Որոշ ընկերություններ փորձել են ակնհայտ գովազդ անել, իրենց մատուցած ծառայությունների մասին են պատմել, որը դեմ է ԲարՔեմփի ֆորմատին։ Եղել են դեպքեր, երբ ստիպված ենք եղել ելույթները ընդհատել ու դադարեցնել։

BarCamp Yerevan 2022

Արմեն

Աշխարհում թրենդները փոխվում են։ 2018-ից ավելացրել ենք նաեւ բարձր տեխնոլոգիաների ուղղությունը։ Հրավիրում ենք այս ուղղության միջազգային խոսնակների, ովքեր պատմում են տիեզերքից մինչեւ թռչող մեքենաներ ու ռոբոտաշինություն։

photo © BarCamp Yerevan


Այս տարի առողջապահության տեխնոլոգիաների (MedTech) խոսնակներ ենք հրավիրել։ Նրանք կպատմեն Արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման կիրառմամբ նոր դեղորայքի ստեղծման մասին։

Նեյրոինֆորմատիկայի ոլորտից խոսնակ ենք ունենալու։ Լինելու են նաեւ օդատիեզերական ոլորտի մասնագետներ։

Գոռ

Այս տարի միաժամանակ 8 լսարան է լինելու, ինչը ամենամասշտաբայինն է մեր պատմության մեջ։

photo © BarCamp Yerevan


Ուղիղ հեռարձակում չի լինելու, շեշտը դրել ենք ավելի որակյալ տեսանկարահանման վրա, որպեսզի հետագայում մարդիկ կարողանան վերանայել ու նոր բաներ սովորել։ Հույս ունենք 5000-ից 6000 մասնակից ունենալ ու ռեկորդ սահմանել։

Նունե Գրիգորյան