15:53 | 29.06.22 | Նորություններ | 1792

Tech Week Gyumri 2022-ը կհամախմբի ՏՏ ոլորտի ավելի քան 4000 ներկայացուցչի

Հուլիսի 2-4-ը Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի համայնքային զարգացման խթանման ուղղությամբ ՏՀՏ ընկերությունների ջանքերը։

Տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup եւ այլ միջոցառումներ:

Ակնկալվում է 4000-ից ավելի մասնակից, միջոցառման գործընկերներն են ՏՏ ոլորտի 50-ից ավելի ընկերություն, 30-ից ավելի աջակից։ Ելույթներով հանդես կգա ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչ:

Tech Week-ը կանցկացվի միաժամանակ 4 վայրում՝

•    Գյումրու դրամատիկական թատրոն,
•    ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ,
•    Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն,
•    Թումո Գյումրի։

Մասնակցությունն անվճար է։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Նախորդ տարի այս ձեւաչափով կազմակերպված առաջին միջոցառումը կայացել է Ստեփանակերտում, որի ընթացքում տեղի է ունեցել 5 պանելային քննարկում, զուգահեռ ընթացող 6 միջոցառում եւ երեկոյան խարույկազրույցներ, եռօրյա հաքաթոն` ուղղված Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանը, Կորիզ գաղափարների մրցույթ, ինչպես նաեւ բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր շուկայում եւ ստորագրվել «Հայքն Աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր: