17:30 | 21.06.22 | Նորություններ | 2189

Ոգեզէն հարթակի հանդիպմանը ամփոփվել են ՏՀՏ ոլորտի ռազմավարժանքների արդյունքները

Հունիսի 18-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության «Ոգեզէն» հարթակի երկրորդ հանդիպումը, որի ընթացքում հարթակի անդամ նախաձեռնությունները ներկայացրել են իրենց ոլորտներում կատարված աշխատանքների ընթացքը։

Հանդիպման ժամանակ ամփոփվել են հունիսի 5-12-ը ԱՏՁՄ կողմից կազմակերպված ՏՀՏ ոլորտի պահեստազորային վարժանքների առաջին փուլի արդյունքները եւ հյուրերը հնարավորություն են ունեցել դիտել հատվածներ վարժանքների ընթացքից։

ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանն ու «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության տնօրեն Հրանտ Մանասյանն ամփոփել են ՏՀՏ ոլորտի աշխատակիցների տեխնոռազմամարզական հավաքների արդյունքները՝ նշելով, որ կա այս աշուն համապատասխան պետական գերատսեչությունների կողմից առավել մեծ ներգրավման պահանջ։

Թվային անվտանգության թեման եւ «Արմաթ» ցանցի աշխատանքների ընթացքը ներկայացրել է «ArmSec» հիմնադրամի համահիմնադիր, ԱՏՁՄ վարչության անդամ Սաթենիկ Մնացականյանը։

«Ազատազէն» հրաձգարանի ներկայացուցիչ Բենիամին Բուչարչյանը ներկայացրել է Զենքի շրջանառության օրենքի փոփոխություններին վերաբերող գործընթացն ու հրաձգարանում բացվելիք ԱԹՍ փորձակայանի ծրագիրը եւ «Գմբեթ» կրակարանի փորձարկումների ծրագիրը, «Գմբեթ» կրակարանի փորձարկումների աշխատանքները աշխատանքները։

«ԴԱՐ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը ներկայացրել է «Գագարին» նախագիծը, որն ուղղված է Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների եւ Սեւան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։