15:49 | 21.06.22 | Նորություններ | 1562

E-school Armenia-ն ավելի քան 5500 աշակերտի ապահովել է հեռավար ուսուցմամբ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից իրականացվող E-school Armenia ծրագրի շնորհիվ անցնող ուսումնական տարվա ընթացքում ապահովվել է ավելի քան 5500 աշակերտի կրթության շարունակականությունը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում հաճախել դպրոց։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ համավարակից հետո առաջացած դժվարությունների պայմաններում կրթության շարունակականության ապահովումն առաջնային խնդիր էր:

«E-school Armenia ծրագրի միջոցով կուտակել ենք շատ կարեւոր փորձառություն. բոլորս համավարակի ընթացքում հասկացանք, որ ժամանակները կփոխվեն, մենք կգտնենք համավարակը հաղթահարելու ուղիները, բայց զուգահեռաբար նաեւ համոզվեցինք, որ կրթական տեխնոլոգիաներն այլեւս ուսուցման գործընթացի անբաժան մասն են։

Այն կարողությունները, մանկավարժական նորարարությունը, մոտեցումները, որոնք զարգացրել ենք այս ընթացքում, պետք է կարողանանք օգտագործել կրթական գործընթացի հետագա բարեփոխումներում»,- ասել է փոխնախարարը։

ԿՏԱԿ-ի E-school Armenia նախագիծը մեկնարկել է 2020 թ․ մարտին՝ համավարակի պայմաններում ապահովելով ավելի քան 400.000 աշակերտի համար առկա ուսուցման այլընտրանք:

Հեռավար ուսուցման համար նկարահանվել է ավելի քան 2500 տեսադաս, որոնք հասանելի են E-school Armenia-ի յութուբյան ալիքում։ Դրանք տարբերակված են՝ ըստ դասարանների եւ առարկաների։ Տեսադասերի մի մասը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ապահովված է նաեւ ժեստերի լեզվի թարգմանությամբ։

Անցնող երկու տարիներին հեռավար դասընթացներից օգտվել է ավելի քան 10.000 աշակերտ։ 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում կենտրոնացված հեռավար ուսուցումն իրականացվել է հիմնականում վեբինարների եւ էլեկտրոնային կրթական պաշարների միջոցով: