14:30 | 31.05.22 | Նորություններ | 2466

Team Telecom Armenia-ն ներգրավել է $45 մլն ֆինանսավորում

Գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու և Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն IFC ու EBRD միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում:

Team Telecom Armenia-ն այս ֆինանսավորումն ուղղելու է տարածաշրջանում եզակի 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը Հայաստանի քաղաքներում և գյուղերում։

 «Այս աջակցությունը Team-ին հնարավորություն կտա արագացնել կապիտալ ներդրումների ծրագիրը, ընդլայնել ու արդիականացնել ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական ցանցերը՝ բարելավելով անհատ բաժանորդներին, բիզնես հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու խթանելով նորարարությունը և տնտեսական աճը»,- նշել է Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Ֆինանսական փաթեթը կօգնի ընկերությանը բարելավել իր հեռահաղորդակցության ցանցերի ծածկույթը և սպասարկման որակը, ներառյալ 4G բջջային ցանցի ընդլայնումը և NGN օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը երկրի ամբողջ տարածքում:  Նախագծի արդյունքում ավելի արագ և որակյալ ինտերնետից կօգտվի նվազագույնը 1,1 մլն բջջային համակարգի բաժանորդ, իսկ ավելի քան 450 հազար տնային տնտեսություն կապահովվի արագ օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությամբ:

 «Մեր ռազմավարական ծրագրի շրջանակում մենք սկսել ու մեծ թափով շարունակում ենք տարածաշրջանում բացառիկ 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցի կառուցումը, որի ավարտին Հայաստանի յուրաքանչյուր հատվածում ապրող քաղաքացու բնակարան կմտնի առանձնացված օպտիկամանրաթելային մալուխ`գրեթե անսահմանափակ թողունակությամբ։ Սա համաշխարհային տնտեսական զարգացումներին միանալու և դրանց համար նոր պրոդուկտներ ստեղծելու լայն հնարավորություններ կբացի»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ակնկալվում է, որ 25G-PON ցանցի գործարկումը նվազեցնելու է նաև էներգիայի սպառումը` թույլ տալով իր բաժանորդներին օգտվել գերարագ ինտերնետից ավելի էներգաարդյունավետ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի միջոցով։