13:36 | 31.05.22 | Նորություններ | 1588

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Աշտարակում բնակարանամուտ է նշվել

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում եւս մեկ ընտանիք բնակարանամուտ է նշել։ Ներսիսյանների, վագուն-տնակում հայտնված, ընտանիքը դարձել է Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շահառու եւ հիմքից տուն կառուցել։

«Այս ծրագիրը կարեւոր արժեհամակարգ է ձեւավորում եւ՛ իրականացնող կողմի, եւ՛ տան տեր դարձած մեր հայրենակիցների մոտ: Ընդ որում՝ անկախ մասնագիտությունից եւ կյանքում զբաղեցրած դիրքից: Օգնության ձեռք մեկնողն ու այն ստացողը սկսում են ավելի հստակ պատկերացնել զարգացման մեխանիզմն ու գնահատել ձեռքբերումը: Այդ արժեհամակարգի հիմքում միասնությունն է, խնդիրները համախմբված լուծելու եւ կամավորության սկզբունքներով օգտակար լինելու պատրաստակամությունը: Երբ այդ ամենը, տարիների ընթացքում նստում է մարդու ենթագիտակցության մեջ՝ հետագա քայլերն ավելի մեծ արդյունք են տալիս: Նաեւ այդպես է զարգանում երկիրը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնակարանաշինության ծրագրի տասնամյա գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերը, առաջիկայում վերականգնելու են համավարակի պատճառով ընդհատված՝ կամավորության աշխատանքները: Դրանք կարեւոր են ոչ միայն ընտանիքներին աջակցելու, այլեւ խնդիրները միասնաբար լուծելու՝ գաղափարը տարածելու տեսանկյունից: