11:39 | 26.05.22 | Նորություններ | 1687

SpaceX-ի տիեզերանավով Հայաստանի առաջին արբանյակը դուրս է բերվել Երկիր մոլորակի ուղեծիր

Մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը:

Այս մասին կառավարության նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։

«ԱԽ գրասենյակի և ԲՏԱ նախարարության կողմից մշակվել և 2020 թ. մարտի 6-ին ԱԺ կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը կառավարության համապատասխան որոշումների փաթեթի հետ սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը։ Օրենսդրական այդ փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին»,- ասել է ՀՀ վարչապետը: