17:12 | 12.05.22 | Նորություններ | 2304

Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում

Մայիսի 11-ին կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 21-րդ համաժողովը, որին մասնակցել են ինչպես Միության անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը համագումարի մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է միության ռազմավարական և գործառնական զեկույցները։ Այնուհետև աշխատանքային խմբերի ղեկավարներն ամփոփեցին միության ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները (կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն, էլեկտրոնային կառավարում)։

«Ավելի քան 20 տարի ԱՏՁՄ-ն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի խորհրդանիշը, թիկունքը և աջակիցն է։ Միության այս տարվա կարևոր ռազմավարական ծրագրերից է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրումը», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Համագումարի ավարտին տեղի ունեցան ԱՏՁՄ վարչության և նախագահի ընտրությունները: Նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը։

Ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ վարչության անդամ ընտրվեցին․

•    Արմեն Քոչարյանը (VOLO),
•    Արման Պողոսյանը (Instigate),
•    Արտավազդ Մինասյանը (Krisp),
•    Խաչատուր Նազարյանը (VMWare),
•    Գևորգ Սաֆարյանը (LimeTech),
•    Վահագն Պողոսյանը (E-Hayq),
•    Սաթենիկ Մնացականյանը (Leviathan),
•    Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures),
•    Հայկ Եսայանը (Telecom Armenia),
•    Սոֆի Մեհրաբյանը (Macadamian AR),
•    Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile)  
•    Գոռ Վարդանյանը (Fimetech)։

Վարչության վերստուգող է ընտրվել Արման Աթոյանը (X-Tech)։