10:43 | 07.05.22 | Հոդվածներ | exclusive 6559

SMM մասնագետ vs. գործատու. Հայաստանում նրանք հաճախ «լեզու չեն գտնում»

Թվային մարքեթինգի, հատկապես SMM դասընթացները վերջերս Հայաստանում ամենաշատ գովազդվող կուրսերից են։ Դասընթացավարները խոստանում են կարճաժամկետ ուսուցմամբ պատրաստել պահանջված եւ լավ վարձատրվող մասնագետ։ Գործատուներն էլ իրենց հերթին են ակտիվորեն փնտրում SMM մասնագետների։ Թվում է՝ եկամուտի ամենահեշտ ճանապարհը գտնված է՝ դասընթացից՝ աշխատանքի։ Փորձառու «ճամփորդները», սակայն, բացահայտում են ոլորտի իրական պատկերը։

Կարճաժամկետ դասընթա՞ց, թե՞ ակադեմիական կրթությո՞ւն

«SMM-Սոցցանցեր» ֆեյսբուքյան խմբում հաճախ է հնչում հարցը՝ որտե՞ղ կամ ո՞ւմ մոտ խորհուրդ կտաք SMM սովորել։ Պատասխանները հիմնականում նույնն են՝ հայտնի դասընթացավարների անուններ՝ շրջանավարտներից կամ հենց իրենցից։  

Հետեւելով խմբի գրառումներին՝ երբեմն նաեւ զավեշտալի դեպքերի ականատես կարելի է դառնալ։

«Մարդիկ կան, որ իրենք են կես տարի առաջ կուրս անցել, առաջարկում են սովորեցնել։ Կամ պարզունակ հարցեր են տալիս խմբում, մեկ էլ տեսնում եմ՝ դասավանդման հայտ են ներկայացնում»,- ասում է Վարսիկ Ավանեսյանը, որը խմբի ադմիններից է։

Այդպիսի դեպքերում կուրսի արժեքը մոտավորապես 30-40 հազար է, կայացած մասնագետներինը՝ 70-100 հազար դրամ կամ ավելի։ Դրանք հիմնականում 1-2 ամիս տեւողությամբ են։ Դասընթացներն ակտիվացան հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ, քանի որ թվային մարքեթինգի դեպքում հեռավար աշխատանքի հնարավորություններն ավելի շատ են։

Վերժինե Ներսեսյան-Իգիթյանը Վերժինե Ներսեսյան-Իգիթյանը


Տնտեսագիտության տեսության եւ ինովացիոն կառավարման մասնագետ Վերժինե Ներսեսյան-Իգիթյանը 2020-ին որոշեց մասնակցել SMM դասընթացի, երբ դեկրետում էր եւ փոքր բիզնես էր հիմնել։ «Փորձնական առնետն իմ բիզնեսի էջն էր, եւ երբ հասկացա, որ մոտս ստացվում է, անցա SMM-ի կուրս, որը բավական հետաքրքիր ու կոնստրուկտիվ էր։ Կուրսն ավարտելուց անմիջապես հետո ունեի մի քանի հաճախորդ։ Այս պահին աշխատում եմ 8 պրոյեկտի վրա»,-նշում է նա՝ հավելելով, որ աշխատանքային փոփոխության համար չի ափսոսում. նախկինում՝ մոտ 10 տարի, պետական համակարգում է աշխատել։

Լեզվաբան, զբոսավար Մարինե Պետրոսյանը եւս երկու տարի առաջ որոշեց սովորել SMM, դարձյալ սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով, բայց ստացվեց այնպես, որ դասընթացն ավարտելուց անմիջապես հետո աշխատանք գտավ. «Դիմել էի որպես կամավոր, բայց իրենք որոշեցին վարձատրել։ Հիմա աշխատում եմ նաեւ ամերիկյան եւ ավստրալիական ընկերությունների հետ»։

Մարինե Պետրոսյանը Մարինե Պետրոսյանը


Ստեփանավանում բնակվող ՀԿ աշխատակից Մարուսյա Բալայանը դասընթացից ստացած գիտելիքները հիմա օգտագործում է իր հիմնական աշխատանքում. «Առաջարկներ ունեցել եմ էջեր վարելու, բայց մեզ մոտ դեռ պատրաստ չեն նորմալ վճարել»։

Նոր մասնագիտություն ունենալու ակնկալիքով՝ անցած տարի SMM դասընթացի մասնակցեց նաեւ Գոհար Սարգսյանը։ Նրա պատմությունը, սակայն, հաջողված դժվար է համարել. «Սկզբում հետաքրքիր էր, մոտիվացված էի, հաճույքով էի կատարում առաջադրանքները, բայց դասաժամերը երկար էին, տրվող ինֆորմացիան՝ քիչ։ Ակնկալիքներս ավելին էին, քան դասընթացի արդյունավետությունը։ Իհարկե, որոշել եմ սկսածս կիսատ չթողնել, բայց միջազգային օնլայն դասընթացների կմասնակցեմ»։

Սոցմեդիամարքեթինգի մասնագետ պատրաստում է նաեւ պետական մասնագիտացված բուհը՝Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Թվային մարքեթինգը ներառված է մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում։ SMM-ի մասին գիտելիքներ ուսանողը ստանում է չորսամսյա ծրագրով։ «Մենք պատրաստում ենք մարքեթինգի մասնագետ, որի գործիքակազմում օգտագործվում են նաեւ SMM-ի գիտելիքները»,- ասում է մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը։

Վարսիկ Ավանեսյանը Վարսիկ Ավանեսյանը


Կա նաեւ երրորդ տարբերակը.սովորել ինքնուրույն։ Երկրաֆիզիկ, էներգետիկայի նախարարության նախկին աշխատակից Վարսիկ Ավանեսյանը 2014-2015թթ. սկսեց ուսումնասիրել SMM-ը՝ սեփական փոքր բիզնեսը զարգացնելու համար։ «Այն ժամանակ Հայաստանում SMM-ը տարածված չէր, բնական է, դասընթաց էլ չկար։ Հետագայոււմ կուրսերի մասնակցել եմ, բայց դիջիթալ մարքեթինգի այլ ճյուղերի՝ SEO-ի, PPC-ի մեջ խորանալու համար»,- պատմում է նա։

Պահանջված մասնագիտությո՞ւն, թե՞ տուրք մոդային

Staff.am-ի կարիերայի խորհրդատուներ Ստելլան ու Ստեփանը ուսումնասիրում են աշխատաշուկան եւ աշխատանք փնտրողներին տեղեկացնում թափուր աշխատատեղերի մասին։ Ամսական միջինում 30 առաջարկ են ներկայացնում SMM մասնագետի հաստիքի համար։ Ըստ մասնագիտացված կայքի տվյալների՝ առավելապես ակտիվ են ապրանքների եւ ծառայությունների վաճառքի, տուրիզմի, ժամանցի, ՏՏ ոլորտի, բանկային եւ վճարահաշվարկային, արվեստի եւ կրթության ոլորտները, թեեւ մյուս կողմից՝ ընկերությունների ներկայությունը սոցիալական ցանցերում անընդհատ աճում է։

Ստելլան եւ Ստեփանը Ստելլան եւ Ստեփանը


«Այսօր դժվար է գտնել մի կազմակերպություն, որը սոցիալական հարթակներում չկա։ Հետեւաբար, դա բիզնեսի պահանջն է, բայց երբեմն նաեւ՝ տուրք մոդային»,- նշում է ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը՝ բացատրելով, թե ինչու են օրեցօր դասընթացներն ավելանում։ Նրա խոսքով՝ մասնագիտացված բուհը, թեեւ տարեցտարի ավելի շատ մասնագետ է պատրաստում, բայց աշխատաշուկայի պահանջարկը լիովին բավարարել չի կարող։ «2-3 ամսում կարելի է, իհարկե, ինչ-որ տեխնիկա սովորել, բայց մասնագիտությանը լիարժեք տիրապետելու համար ժամանակը կարճ է»,- նշում է նա։ Վադիմ Գրիգորյանը SMM-ի կուրսերը օգտակար է համարում հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են վերապրոֆիլավորվել, ակադեմիական կրթության բացը լրացնել կամ սեփական բիզնեսն առաջ մղել։

Վադիմ Գրիգորյանը Վադիմ Գրիգորյանը


Ի դեպ, ինչպես հետխորհրդային երկրներից շատերում, Հայաստանում եւս գործարաները թվային մարքեթինգի ճյուղերից առավել նախընտրում են SMM-ը, թեեւ, ինչպես Վարսիկ Ավանեսյանն է նշում, SEO-ի մասնագետները, որոնց շնորհիվ կայքերը առաջ են մղվում որոնողական համակարգում, ավելի պահանջված են միջազգային շուկայում։ Բացատրությունը թերեւս պարզ է. կայք ունենալն ավելի ծախսատար է, քան ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը։

SMM մասնագետ, դիզայներ, բովանդագիր․ բոլորը մեկո՞ւմ, թե՞ առանձին-առանձին

Մասնագիտացված սոցիալական խմբերում վեճերը հազվադեպ չեն։ Հատկապես սկսնակներն առաջարկում են անվճար կամ մի քանի աշխատանք, այն էլ ցածր աշխատավարձով, փորձառուները սաստում են. մեր աշխատանքը մի արժեզրկեք։ Գործատուներն էլ կամ այլ մասնագետներն էլ իրենց հերթին են հակադարձում՝ ուռճացնում եք ձեր գործը։

«SMM մասնագետը պետք է ուսումնասիրի շուկան, հասկանա բիզնեսի դիրքը մրցակիցների նկատմամբ, կազմի ռազմավարությունը, թիրախավորված գովազդ տեղադրի, կոնտենտ պլան, հաշվետվություն կազմի։ Սրանք հիմնական պարտականություններն են։ Հայաստանում, սակայն հատկապես փոքր բիզնեսները հաճախ ցանկանում են 5-6 աշխատանք բարդել SMM մասնագետի վրա՝ դիզայներ լինի, կոնտենտը գրի, երբեմն լուսանկարի, նստի իրենց օֆիսում ու ստանա 100 հազար դրամ»,- նշում է Վարսիկ Ավանեսյանը։

Մարինե Պետրոսյանը եւս կարծում է, որ գործատուները հաճախ թյուր կարծիք ունեն աշխատողի պարտականությունների մասին, բայց նաեւ հակառակ երեւույթը կա, երբ SMM մասնագետը չափազանցնում է իր աշխատանքը. «Իմ դեպքում այդպիսի խնդիր չի եղել, որովհետեւ իմ գործատուները միշտ հստակ պատկերացրել են, թե ինչ պետք է անեմ»։

Staff.am-ում նույնպես նկատել են՝ ընկերությունը երբեմն ամիսներ շարունակ SMM մասնագետ է փնտրում, բայց հետո պարզվում է՝ պատճառը հայտերի պակասը չէ.«Խնդրահարույց են այն դեպքերը, երբ ընկերությունը ցանկանում է համատեղել մի քանի մասնագետի գործառույթ՝ նաեւ վաճառք, սպասարկում, մարքեթինգ, կամ սոցիալական էջերը պետք է վարել նաեւ ռուսերեն, անգլերեն»։

Գործատուները հիմնականում չեն նշում աշխատավարձերի չափը, բայց պորտալի՝ 2021թ.-ի հետազոտության համաձայն, սկսնակ մասնագետի աշխատավարձը մոտ 100 000-120 000 դրամ է, կարող է հասնել 200 000-ի՝ կախված աշխատողի հավելյալ հմտություններից, օրինակ՝ օտար լեզուների իմացություն։

Ըստ զրուցակիցներիս դիտարկումների՝ հմուտ մասնագետին խոշոր կազմակերպությունները սովորաբար 200-250 հազար դրամ են վճարում, ավելի հազվադեպ՝ 350-400 հազար դրամ։

Նրանք նաեւ  միանշանակ ընդգծում են՝ հաջողության հասնելու համար հարկավոր է անընդհատ ինքնակրթվել, հետեւել ոլորտի նորություններին, իմանալ անգլերեն։ Այս դեպքում աշխատանք հեշտությամբ կարելի է գտնել նաեւ միջազգային հարթակներում։ Այլապես միայն կարճաժամկետ դասընթաց ավարտելով՝ընդամենը կհամալրեք շրջանավարտների շարքերը, որոնք, ի դեպ, նոսր չեն․ SMM-ի կուրս առաջարկող ընկերություններից միայն մեկն արդեն մոտ 3 հազար մասնագետի ավարտական փաստաթուղթ է տվել։

Անահիտ Փիլոսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի