17:26 | 02.05.22 | Հարցազրույցներ | exclusive 42394

Գեղամ Ազատյան. «Որքան բարդ է մարտահրավերը, այնքան մեծ է փոխհատուցումը»

2022թ. ապրիլի 5-ին «Դեքսաթելը» նշեց իր 7-րդ տարեդարձը։ Ամպային հաղորդակցության (Cloud Communications) ոլորտում գործող հայկական ընկերությունն անցած ճանապարհի ու մարտահրավերային տարիների մասին Itel.am-ը զրուցել է ընկերության համահիմնադիր Գեղամ Ազատյանի հետ:

- Պրն Ազատյան, ընկերության առաջին տարեդարձի օրը կարո՞ղ էիք պատկերացնել, թե ինչպիսին է լինելու այն 7 տարի անց։

- Ես հաճախ եմ ասում, որ այն, ինչ մենք ունենք այսօր, յոթ տարի առաջ երազանք է եղել: Բայց մենք հստակ գիտեինք, թե ուր ենք գնում եւ երբեւիցե չենք շեղվել մեր նպատակներից: Աշխատանքի առաջին իսկ օրվանից մենք նպատակ ենք դրել հիմնադրել այնպիսի ընկերություն, որն ապագայում կլինի իր ոլորտի առաջատարը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ Եվրոպայում, Ասիայում եւ շատ այլ խոշոր շուկաներում: Այսօր «Դեքսաթել»-ը Եվրոպայի ամենաարագ աճող 1000 ընկերությունների ցանկում զբաղեցնում է 198-րդ տեղը՝ ըստ Financial Times-ի եւ Statista հետազոտական ընկերության:

«Դեքսաթել»-ը շատ լավ օրինակ է մեր նոր ստեղծվող ընկերությունների համար՝  հասկանալու, որ եթե մի ամբողջ թիմ տարիներ շարունակ աշխատի մեկ ընդհանուր նպատակի կամ երազանքի համար, կարող է իսկապես իրականացնել այն:

- Արդյոք այն, ինչն ի սկզբանե դրված էր ընկերության ստեղծման հիմքում, շարունակու՞մ է մնալ արդիական։ Ի՞նչն է փոխվել ընկերության ռազմավարությունում այս տարիների ընթացքում։

- Այս տարիների ընթացքում մենք հասկացանք, որ կարող ենք ավելին: Մեզանում վերացավ այն կարծրատիպը, թե մենք Հայաստանից եւ հայկական թիմով չենք կարող մրցել միջազգային խոշոր ընկերությունների հետ։ Մենք ամեն տարի բարձրացնում էինք մեր առջեւ դրված նշաձողը, իսկ այսօր արդեն մրցում ենք աշխարհի ամենաառաջատար այնպիսի տեխնոլոգիական ընկերությունների հետ, ինչպիսիք են Twillio-ն, Sinch-ը եւ այլն:

Սովորաբար յուրաքանչյուր հաջողված ընկերություն պարտադիր պիտի ունենա լավ բիզնես գաղափար, բիզնես պլան, երազանքի թիմ, պրոդուկտ եւ բիզնես մոդել: Իհարկե, սրանց նպաստող կարեւորագույն գործոններից են նաեւ շուկայի եւ մրցակիցների հետազոտությունը, գրագետ գնային քաղաքականությունը, պահանջարկի ձեւավորումը եւ շուկա մտնելու համար ընտրված ճիշտ ժամանակը:

Շատ ընկերություններ սկսում են պրոդուկտից ու հաճախ շուկային առաջարկում են մի բան, որն, իրականում, ավելի շատ իրենք են ցանկանում, քան հաճախորդը: Մենք շատ հետաքրքիր սկսեցինք: Առաջին երկու տարին մեր պրոդուկտի ու ծառայությունների պրոտոտիպերի, էքսպերիմենտների շրջանն էր: Մեր հաճախորդներին հստակ հասկանալուց հետո հաջորդ երկու տարիները դարձան հաջողված բիզնես մոդելի ու պրոդուկտի հղկման շրջան, իսկ արդեն վերջին երեք տարիներն էլ պրոդուկտի վերջնական ձեւավորման, թիմի աճի, նոր շուկաներ գրավելու եւ բավական կայուն տեմպերով եկամուտ ապահովելու շրջանն էին:

Գեղամ Ազատյանը՝ «Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը Գեղամ Ազատյանը՝ «Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը
photo © Դեքսատել


Այսօր մենք հստակ գիտենք, որ մեր թիմը, մեր հաճախորդի բավարարվածությունը, մեր աճի տեմպը եւ մեր բիզնես մոդելը միեւնույն հաջողության բանաձեւի բաղադրիչներ են: Նախկինում կմտածեինք սկսել ներդրումներից, պրոդուկտից եւ այլնից, բայց մեր օրինակը մեզ այլ բան է հուշում:

- Որո՞նք էին ընկերության համար ամենաբարդ տարին եւ ամենահաջողակը։

- Ամենաբարդը եղել են հիմնադրման առաջին երկու տարիները, երբ շատ դժվար էր հիմնավորել ու համոզել հաճախորդներին, որ մենք, նորաբաց ընկերություն լինելով, կարող ենք շատ լավ ծառայություն տրամադրել: Մեզ ոչ ոք չէր ճանաչում եւ, հետեւաբար, չէին վստահում: Այդ տարիներին նույնիսկ մի քանի անգամ ընկերությունը փակելու խնդրի առաջ ենք կանգնել, բայց հենց նման իրավիճակներում է կարեւոր «extra mile»-ի փիլիսոփայությունը, այն է՝ գործադրել ավելի շատ ջանք, քան քեզնից ակնկալվում է: Մեր դեպքում հենց այդպես էլ եղավ. այնքան պայքարեցինք, մինչեւ ստացվեց: Թեեւ այդ երկու տարիներն ընկերության համար ամենաբարդն էին, բայց միեւնույն ժամանակ նաեւ ամենահաջողակը դարձան, քանի որ մենք հասկացանք՝ եթե չհանձնվենք ու միշտ առաջ շարժվենք, ապա անպայման կհասնենք մեր նպատակներին:

Ամենահաջող տարիներից էին նաեւ նրանք, երբ «Դեքսաթել»-ը ներգրավվեց Էստոնիան ներկայացնող թոփ 10 ստարտափների ցանկում: Դա եւ՛ անսպասելի էր, եւ՛ շատ հաճելի, քանի որ Էստոնիան համարվում է լավագույն ստարտափային էկոհամակարգ հանդիսացող հաբ երկիրը Եվրոպայում: Շատ ոգեւորող է հատկապես այդպիսի հանգամանքներում լավագույնների շարքում դասվելը:

- Յուրաքանչյուր խոչընդոտ մեզ նաեւ ավելի ուժեղ է դարձնում, երբ կարողանում ենք ճիշտ արձագանքել դրան։ Ինչպիսի՞ն է «Դեքսաթել»-ի պատասխանը առաջ եկող մարտահրավերներին։

- «Դեքսաթել»-ի պատմությունը ամենաուղիղ ձեւով կապված է Ձեր ասածի հետ։ Մեզ ուժեղ են դարձրել այն բազմաթիվ խնդիրները, որոնց մենք առնչվել ենք այս տարիների ընթացքում։ Հիմա արդեն գիտենք, որ ամեն անգամ, երբ խնդիր է լինում, այդ խնդրի ետեւում թաքնված է հաջողությունը, եւ ինչքան մեծ է մարտահրավերը, այնքան մեծ է լինում փոխհատուցումը:

Գեղամ Ազատյանը՝ «Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը Գեղամ Ազատյանը՝ «Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը
photo © Դեքսատել


Օրինակ՝ հենց մեր պրոդուկտը կառուցելը իսկական մարտահրավեր էր մեզ համար: Մի քանի անգամ ձախողել ենք, աշխատել ենք տարբեր թիմերի, համագործակցել տարբեր ընկերությունների հետ, բայց միեւնույն է, չէր ստացվում այնքան ժամանակ, մինչեւ որ զրոյից հավաքեցինք ավագ ինժեներներից բաղկացած ուժեղ տեխնիկական թիմ եւ ստացանք մեր ուզած պրոդուկտը: Այսօր «Դեքսաթել»-ի հարթակը համարվում է ամպային հաղորդակցության դաշտում (Cloud Communication) աշխարհի լավագույն հարթակներից մեկը:

- Որո՞նք են նախորդ 7 տարիների ամենամեծ ձեռքբերումները։ Իսկ ո՞րը կլինի հաջորդը։

- Նախորդ 7 տարիների ամենամեծ ձեռքբերումներից են՝

- Հայաստանի եւ արտերկրի թիմերը,
- հաճախորդների վստահությունը,
- պրոդուկտի եւ ծառայությունների որակը,
- բիզնես մոդելը եւ ֆինանսական հաջողությունները,
- ներդրողների հետաքրքրությունը,
- ընկերության ձեռք բերած հեղինակությունը։

Հաջորդը կլինի մեր ոլորտում առաջատար, մրցունակ ու համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն դառնալը: Հիմա հենց դրան ենք ձգտում:

Զուգահեռաբար ուրախ կլինենք նաեւ լոկալ մակարդակում աջակցել հայաստանյան ստարտափային էկոհամակարգի եւ մշակույթի բարելավմանը՝ սկսնակ ստարտափների հետ մեր փորձով կիսվելով եւ մեր անցած ճանապարհի մասին պատմելով:

- Ինչպե՞ս նշեցիք ընկերության յոթնամյակը։ Ինչո՞վ էր այն տարբերվում նախորդներից։

- Մեր յուրաքանչյուր տարեդարձ շատ տարբերվում է նախորդներից: Յոթերորդը եւս բացառություն չէր: Այս անգամ թեման գրաֆիտին էր: Մենք հրավիրել էինք մշակույթի եւ արվեստի ոլորտից բազմաթիվ հյուրերի։ Հիշում եմ, որ նրանցից մեկը կարծիք հայտնեց, որ իր մոտ ինչ-որ Underground Party-ի տպավորություն է:

«Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը «Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը


Գրաֆիտին միշտ համարվել է էմոցիաներ արտահայտելու եւ մարդկությանն ուղերձներ հասցնելու փողոցային արվեստ, իսկ «Դեքսաթել»-ը, ինչպես գիտեք, հենց message delivery՝ հաղորդագրություններ ուղարկող ընկերություն է: Այս միջոցառմամբ նաեւ ուզում ենք ցույց տալ, որ տեխնոլոգիան կարող է նաեւ արվեստին մոտ եւ «super cool» լինել:  

«Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը «Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը
photo © Դեքսատել


Ընդհանրապես, մեզանում ցանկացած միջոցառում անպայման պիտի զուգակցվի մշակութային, կրթական, էքսպերիմենտալ եւ շատ այլ զարգացնող փորձառություններով՝ բացի զուտ ֆանտաստիկ երեկույթներից, որոնցում արդեն մասնագիտացել ենք:

«Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը «Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը
photo © Դեքսատել


Կարծում եմ, որ մեր երիտասարդները այսպես են ստեղծագործ մտածելակերպ ձեռք բերում՝ տեխնոլոգիայից բացի երաժշտության, արվեստի եւ ստեղծագործելու շատ այլ տիրույթների հետ առնչվելով:

- Ինչպիսի՞ն կլինեն «Դեքսաթել»-ի ապագա տարեդարձերը:  

- ԸՆկերությունն ունի շատ հստակ EXIT Strategy. հինգ տարվա մեջ մենք պետք է հասնենք որոշակի հաջողության՝ մեր առջեւ հստակ նպատակ ունենք առ այն, թե ինչ արժեք պիտի ներկայացնեք մեզնից, որից հետո կորոշենք ընկերությունը վաճառե՞լ, թե՞ տանել IPO-ի:

«Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը «Դեքսատելի» 7-ամյակին նվիրված միջոցառմանը
photo © Դեքսատել


Այսօր էլ կան ընկերություններ, որոնք հետաքրքրված են թե՛ «Դեքսաթել»-ը գնելով, եւ թե՛ «Դեքսաթել»-ում ներդրումներ կատարելով, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:

Գեղամ Ազատյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

Լուսանկարները՝ «Դեքսաթել»-ի