13:14 | 19.04.22 | Նորություններ | 1669

iPhone mini, ցտեսությո՛ւն․ նոր iPhone-ների առաջին մակետները համացանցում են հայտնվել

Համացանցում է հայտնվել նոր նկար, որտեղ ցուցադրված են ապագա iPhone 14-ի շարքի նոր մակետները։ Չինական Weibo-ի տարածած նկարում ցուցադրված կաղապարները, հավանաբար, պատրաստված են iPhone-ի պատյանների արտադրության նպատակով, այլ ոչ թե իրական հեռախոսները ցուցադրելու համար:

Այնուամենայնիվ, դրանք կարծես համապատասխանում են ինսայդերների կանխատեսումներին, հատկապես սարքերի չափերի վերաբերյալ, որոնք վերջին ամիսներին ակտիվ շրջանառության մեջ են։ Այս մասին գրում է MacRumors-ը։

photo © MacRumors


Շարքի առաջին նկատելի տարբերությունը iPhone mini մոդելի բացակայությունն է։ Apple-ը գուցե հրաժարվի 5,4 դյույմանոց սմարթֆոնից, քանի որ անցյալ սերնդի «փոքրիկները» հայտնիություն չեն վայելում:

Այսպիսով, ըստ մակետների, iPhone 14 շարքը կհամալրվի այս մոդելներով՝

•    6.1 դյույմանոց iPhone 14,
•    6.1 դյույմանոց iPhone 14 Pro,
•    6.7 դյույմանոց iPhone 14 Max,
•    6.7 դյույմանոց iPhone 14 Pro Max։

Տեսախցիկի մոդուլի փոքր փոփոխություններ են սպասվում շարքի բոլոր մոդելներում։ Այսպիսով, 2022 թվականի պրեմիում ֆլագմանի տեսախցիկի բլոկը կունենա 4,17 մմ հաստություն՝ 0,57 մմ ավելի, քան iPhone 13 Pro Max-ինը։ Միևնույն ժամանակ, 5%-ով կավելանա լայնությունը (35,01 մմ- 36,73 մմ) և բարձրությունը (36,24 մմ-38,21 մմ):

Չափային փոփոխությունները կարելի է բացատրել սենսորների փոփոխությամբ: Վերլուծաբան Մինգ-Չի Կուոն կարծում է, որ 2022-ի iPhone Pro մոդելները կունենան 48 ՄՊ տեսախցիկ, ինչը զգալի փոփոխություն է ներկայիս 12 ՄՊ տեսախցիկի համեմատ: