17:56 | 13.04.22 | Նորություններ | 2162

Ռոստելեկոմը Գյումրիում հիմնել է ռոբոտաշինության լաբորատորիա

Ռոստելեկոմը «Գյումրի զարգացման լաբորատորիա» հիմնադրամում բացել է ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան։

Այն ապահովված է պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։

Լաբորատորիայում գործելու են ռոբոտաշինության ուսուցման անվճար խմբակներ՝ նախատեսված 8-14 տարեկան երեխաների համար։

««Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում լաբորատորիաների կառուցմամբ նպատակ ունենք մոտ ապագայում ունենալ վերապատրաստված երեխաներից կազմված խմբեր, ովքեր կմասնակցեն ռոբոտաշինության այնպիսի մրցույթների, ինչպիսիք են «Լեգոստարտ»-ը և Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադան՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը »,- նշել է  «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ընկերությունը հայտնում է, որ նախորդ տարվա դեկտեմբերից «Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ն ուղղում է ՀՀ մի շարք բնակավայրերում երեխաների համար ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:

Ռեստելեկոմը նաև կհոգա ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման ծախսերը՝ կազմակերպելով համապատասխան դասընթացներ։

Ընկերությունը նախատեսում է ռոբոտաշինության լաբորատորիաներ բացել Հայաստանի տարբեր բնակավայրերում: