14:11 | 13.04.22 | Նորություններ | 1432

Apple Watch-ը նոր օգտակար գործառույթներ կիրականացնի

Apple-ը որոշ խնդիրների է բախվել արյան ճնշման մոնիտորինգի տեխնոլոգիայի մշակման հարցում, սակայն կշարունակի խելացի ժամացույցներում իր մշակումները։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս նորույթին պետք է սպասել 2024 թվականից ոչ շուտ։

Apple Watch-ը, ամենայն հավանականությամբ, չի ցուցադրի կոնկրետ տվյալներ, սակայն կկարողանա զգուշացնել հիպերտոնիայի ռիսկի և արյան ճնշման դասական սարքի օգտագործման անհրաժեշտության մասին։

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում այս ֆունկցիան կարող է դառնալ խելացի ժամացույցների հիմնական հատկանիշը։ Ըստ ինժեներների՝ նման տեխնոլոգիայի յուրացումը հեշտ չէ։ Օրինակ, Samsung-ի Galaxy Watch4-ը պահանջում է ամենամսյա ստուգաչափում ավանդական սարքով:

Նշվում է, որ Apple-ը ներկայումս փորձարկում է ճնշումը չափող տեխնոլոգիան իր աշխատակիցների վրա: Ընկերության ինժեներների առանձին թիմը նաև աշխատում է ժամացույցին ոչ ինվազիվ գլյուկոմետր ավելացնելու ուղղությամբ՝ արյան շաքարի մակարդակը վերահսկելու նպատակով: Այս տեխնոլոգիայի թողարկման ամսաթիվը դեռ չի նշվում։

Բացի այդ, watchOS 9-ով Apple Watch-ը կզգուշացնի հնարավոր առիթմիայի մասին և կհայտնի արտակարգ իրավիճակների մասին արբանյակային կապի միջոցով: Իսկ Health հավելվածում կավելանան քնի և կանանց ցիկլին հետևելու առաջադեմ գործառույթներ, նաև դեղորայք ընդունելու հիշեցումներ: