16:41 | 11.04.22 | Նորություններ | 2899

Հայտնի են DigiCode 2022 մրցույթի մարզային փուլի հաղթողները

Ապրիլի 9-ից 10-ը կայացել է DigiCode 2022 կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի մարզային փուլը։

Հայաստանի բոլոր մարզերի «Արմաթի» սաները մրցում էին պատանեկան ծրագրավորման DigiCode 2022 մրցույթի հանրապետական փուլի ուղեգրի համար։

Այս տարի DigiCode 2022-ը ստացել էր շուրջ 950 հայտ 1000-ից ավել երեխաների եւ թիմերի կողմից, որոնցից մարզային փուլին ներկայացվեցին 400-ից ավել աշխատանքներ։

Պատանիները մրցում էին 4 անվանակարգերում՝

•    «Վիրտուալ լաբորատորիա» (Աղուէս/ Scratch ծրագրով),
•    «Համակարգչային խաղեր» (Աղուէս/ Scratch ծրագրով),
•    «Սարքերի ինտեգրում» (Python ծրագրավորման լեզվով),
•    «Ալգորիթմական լուծում» (Կրիայ/ KTurtle ծրագրով)։

Ապրիլի 9-ին մարզային փուլն անցկացվեց միաժամանակ 4 քաղաքներում. Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում (Տավուշ եւ Գեղարքունիք) եւ Գորիսում (Վայոց Ձոր, Արցախ, Սյունիք, Ջավախք)։

Ապրիլի 10-ին՝ Երեւանում (Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ, Երեւան)։

«Այս տարի առաջին անգամ մարզային փուլը ֆիզիկապես անցկացվեց 5 տարածաշրջանային կենտրոններում, ինչը համապետական տեխնոլոգիական տոնի վերածեց մրցույթը։ Ավելացրել ենք «Վիրտուալ լաբորատորիաներ» անվանակարգը, որտեղ դպրոցականները ներկայացրին քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի լաբերի հետաքրքիր մոդելներ՝ անգամ այն դպրոցներից, որոնցում նման լաբորատորիաներ դեռեւս չեն գործում», - նշել է «Արմաթ» ԻԼ մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։

Մարզային փուլը հաղթահարած շուրջ 50 թիմերն անցան հանրապետական փուլ, որը տեղի կունենա ապրիլի 23-ին։

Դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը եւ լավագույնները կարժանանան մրցանակների։

«Դիջիկոդի» hանրապետական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ Vxsoft-ի հովանավորությամբ եւ EIF, VTC, GTC, մարզպետարանների, Իջեւանի պետական համալսարանի եւ Գորիսի թիվ 3 դպրոցի համագործակցությամբ։