14:23 | 04.04.22 | Նորություններ | 14519

Վիվա-ՄՏՍ-ի շնորհիվ Այգեպարում բնակարանամուտ է նշվել

Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ հակառակորդի դիրքերից 400մ հեռավորության վրա, Սադյանների ընտանիքը բնակարանամուտ է նշել:

Չորս երեխայի հայր՝ պայմանագրային զինծառայող Աշոտը եւ նրա կինը՝ Քրիստինեն, վեց տարի վարձով ապրելուց հետո տուն են գնել եւ հիմնանորոգել Վիվա-ՄՏՍ-ի ու Ֆուլեր տնաշինական կենտրոնի աջակցությամբ։

«Գիտեմ, որ ձեր պատուհանից երեւացող տեսարանը ստիպում է, որ զգոն լինեք: Գիտեմ նաեւ, որ զինվորականի ընտանիքում առավել լավ են գիտակցում սահմանապահ գյուղում ապրելու բարդությունը: Չեմ կարող հիացմունքս չարտահայտել բոլոր այն ընտանիքների նկատմամբ, որոնք ամուր են, չեն կոտրվում, լավատեսությունը չեն կորցնում եւ իրենց հայրենասիրությունն արտահայտում են ամեն օր ապրած կյանքով: Մենք էլ նման ծրագրերի եւ ենթակառուցվածքներ զարգացնելու միջոցով՝ ձգտում ենք ձեր կողքին լինել»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական կենտրոնը շարունակում են հատուկ ուշադրության կենտրոնում պահել հատկապես սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Միայն Տավուշի մարզում վերջին տասը տարվա ընթացքում բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել 86 ընտանիք, որից 22-ը՝ Այգեպար գյուղում, իսկ Հայաստանի բոլոր մարզերում՝ ընդհանուր մոտ 400 ընտանիք: