17:10 | 07.03.22 | Նորություններ | 6511
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ 2021 թվականին բնակարանաշինության ծրագրով Հայաստանի տարբեր մարզերում տուն է կառուցվել Արցախից տեղահանված 15 ընտանիքի համար:
Արցախից Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղ տեղափոխված Խաչատրյանների ընտանիքը գործընկերների աջակցությամբ կիսակառույց շինությունը դարձրել է բոլոր կոմունալ հարմարություններով ապահովված բնակելի տուն: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչատրյաններին՝ նրանց հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:
«Տարիներ առաջ, մեր համագործակցության կարեւորությունը ներկայացնելիս, ընդգծում էի, որ սա երկարաժամկետ ազդեցության ծրագիր է. այն ավարտվում է, սակայն դրական ազդեցությունը մնում է երկար տարիներ: Ամենատարբեր ընտանիքների հետ երկար տարիներ շփվելուց հետո, այժմ առավել ճիշտ բնորոշող արտահայտություն եմ ուզում անել. սա ապրեցնող ծրագիր է: Այն հուսադրող, մարդկանց մեջ հավատ արթնացնող կարեւորագույն միջոց է: Երբ հեռավոր որեւէ գյուղում իր հոգսերի հետ մենակ մնացած մարդն զգում է, որ հենարան ունի, հավատում է իր ուժերին, ջանքեր է գործադրում եւ արժանապատվորեն հաղթահարում է եղած խնդիրները: Սա կարեւոր ցուցիչ է մեզ համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն ՀՀ դրամի ներդրում, ինչի արդյունքում 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք: