16:11 | 25.02.22 | Նորություններ | exclusive 1147

Շուրջ 420 մասնակից հաջողությամբ ավարտել են «Տվյալագիտության» եւ «ՏՏ վաճառքների» դասընթացները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը, համաֆինանսավորմամբ, իրականացրել է «Տվյալագիտության» (Data Science) եւ «ՏՏ վաճառքների» (IT Sales) դասընթացներ:

Փետրվարի 22-ին տեղի է ունեցել դասընթացներն հաջողությամբ ավարտած ուսանողների հավաստագրերի հանձման արարողությունը, որն արդեն երկրորդ անգամ անցկացվել է Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում։



«Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի օպերացիոն մենեջեր Աննա Գեւորգյանը հայտնել է, որ ծրագիրն ունեցել է դիմորդների մեծ ակտիվություն:

««Տվյալագիտության» (Data Science/Analytics) դասընթացի շրջանակներում մոտ 580 դիմորդից հաջողությամբ մասնակցել եւ ավարտել է 297 ուսանող։ «ՏՏ Վաճառքներ» (IT Sales) դասընթացի մոտ 260 դիմորդից դասընթացին մասնակցել եւ ավարտել է 120 ուսանող: Դիմորդները եղել են թե Երեւանից, թե մարզերից եւ բաշխումը գրեթե հավասար է եղել»,- նշել է նա` ավելացնելով, որ պատերազմի մասնակիցները համար դասընթացներն անվճար են եղել։

Նարեկ Մելքումյանը Նարեկ Մելքումյանը
photo © Մեդիամաքս


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը, կարեւորելով ոլորտի զարգացման համար նման դասընթացների իրականացումը, նշել է, որ ծրագիրը շարունակվելու է նաեւ այս տարի: Նրա խոսքով՝ այս տարի դասընթացներ կկազմակերպվեն ոչ միայն սկսնակ, այլեւ միջին եւ բարձր մակարդակի մասնագետների վերապրոֆիլավորման համար:

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի Տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանն էլ նշել, որ որպես բիզնեսի ներկայացուցիչ իրենք եւս շատ հետաքրքրված են տվյալագիտության մասնագետներով եւ այդ նպատակից ելնելով էլ որոշել են դասընթացի մասնակիցների ավարտական երեկոն հյուրընկալել կենտրոնի հարկի տակ:

Նարեկ Մելքոնյանը Նարեկ Մելքոնյանը
photo © Մեդիամաքս


«Տվյալագիտության բաժնում արդեն շուրջ 20 աշխատակից ունենք: Այս պահին թափուր 5 հաստիք ունենք տարբեր ենթաուղղություններով: Շատ հետաքրքրված ենք, որ այս մասնագիտությունը Հայաստանում ավելի զարգանա, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր ընկերությունում այս մասնագետների պահանջարկը մեծ է եւ մեծանալու է»,- նշել է նա:

photo © Մեդիամաքս


Նշենք նաեւ, որ դասընթացի ավարտից հետո բոլոր շրջանավարտները մասնակցել են «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի կազմակերպած softskill-երի զարգացման դասընթացին, որի նպատակն է եղել CV կազմելու եւ հարցազրույցին ներկայանալու հմտություններ փոխանցել:

Արփի Ջիլավյան