17:18 | 26.01.22 | Նորություններ | 1918

Արցախի կառավարությունը միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցի ստեղծման նախագծին

Արցախի կառավարությունը միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին՝ այդ թվում ֆինանսական աջակցություն տրամադրելով։

Արցախում տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից։ Նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիքներ տալն է։

Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման և Երևանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ և մշակել է Տեխնոդպրոցի գաղափարը։ Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 68 մլն դրամ։

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն ասել է, որ նախարարությունը կրկնապատկելու է մինչև 14 միլիոն դրամ արված ցանկացած ներդրում։

«Ես» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2019 թ-ին Աշոտ Ավանեսյանի և նրա կնոջ՝ Լուիզայի կողմից։ Այսօրվա դրությամբ հիմնադամի դասընթացներն օգնել են արդեն 80 արցախցի 13-17 տարեկան երեխաներին։ Ուսումն ավարտելուց հետո աշակերտները հնարավորություն են ստանում իրենց սեփական ընկերությունները ստեղծել։ Առաջին հաջողված նախագիծն է դարձել StartSystems ստարտափը, որը հիմնադրել են դասընթացի առաջին շրջանավարտները։ Մարտունու շրջանում այս պահին 100-ից ավել երեխա է մասնակցում դասընթացին, մոտակա երկու ամիսների ընթացքում այդ թիվն անցնելու է 120-ը։ Եվս 50 աշակերտ ունի Ստեփանակերտի լաբորատորիան։ Հաջորդ տարվա սկզբին «Ես» կրթական հիմնադրամը կունենա ՏՏ գիտելիքներով ավելի քան 200 շրջանավարտ։

«Մունք» տեխնոդպրոց ստեղծելու դրամահավաքն ընթանում է «ռեԱրմենիա» հարթակում, հետեւյալ հղումով.

https://www.rearmenia.com/hy/project/940391dc-f9e1-446c-a2b1-d023f7e9ddf1

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտուն-ը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։