12:00 | 28.12.21 | Նորություններ | 2463

Արցախից տեղահանված ընտանիքներից եւս մեկը բնակարանամուտ է նշել

Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» այս տարվա ընթացքում աջակցություն են տրամադրել Արցախից տեղահանված եւ Արարատի մարզում հաստատված հինգ ընտանիքի: Ջրահովիտում բնակվող Կարապետյանների ընտանիքն այդ ցանկում ներառվածներից մեկն է:

«1998 թվականից ապրել ենք Արցախի Քաշաթաղի շրջանում: Պատերազմի ժամանակ երեխաներիս հետ տեղափոխվեցի, իսկ ամուսինս մնաց առաջնագծում: Պատերազմի ավարտից հետո, երբ հասկացանք, որ այլեւս գնալու տեղ չունենք, որոշեցինք հիմնավորվել այս գյուղում: Փոքր խնայողություն ունեինք, հող գնեցինք, սակայն հույս չունեինք, որ կկարողանանք շինարարություն սկսել ու առավել եւս՝ ավարտել այն: Այսօր այնքան երջանիկ ենք, որ արդեն ավարտուն հարկի տակ կարող ենք հյուրընկալել մեզ աջակցողներին, ում օգնությամբ այս հրաշքն իրական դարձավ»,- ասել է ընտանիքի մայրը՝ Գայանեն:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ համատեղ ծրագիրը շարունակելու է՝ «լուսավոր կյանքի հավատը այլ ընտանիքների եւս փոխանցելու համար»։

«Երբ գալիս է տարին ամփոփելու ժամանակը, մեր գործընկերների հետ հետադարձ հայացքով փորձում ենք գնահատել համատեղ իրականացրած աշխատանքը: Մեզ համար այդ արդյունքն արտահայտվում է թվերով եւ մարդկային ճակատագրերով: Առաջինը կարեւոր է մեր կատարած ներդրումների շահավետությունը գնահատելու համար: Առավել կարեւոր է մեր հայրենակիցների աչքերում վերականգնված հավատն ու հույսերը տեսնելը: Դա է բնակարանաշինության ծրագրի կարեւոր ձեռքբերումը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ մեր տասնամյա համագործակցության իրական գնահատականը: Ամանորին ընդառաջ, շնորհավորում եմ մեր հայրենակիցներին՝ բոլորին մաղթելով բարօրություն եւ ամուր տանիք»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի լրացավ Վիվա-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցության տասնամյակը, որի ընթացքում ծրագրի շրջանակում բնակարանաշինության խնդիր է լուծվել 391 ընտանիքի համար: Շատերի հետ ենք կիսել ուրախությունը եւ դեռ շատ ընտանիքների կայցելենք գալիք տարում: Վիվա-ՄՏՍ-ը, ինչպես միշտ, հավատարիմ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր սկզբունքներին, ինչի համար մեր բոլոր ընտանիքների անունից երախտագիտություն եմ հայտնում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն դրամի ներդրում, ինչի արդյունքում 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք: