10:55 | 03.12.21 | Նորություններ | 2071

Picsart-ը ձեռք է բերել DeepCraft-ը

Picsart-ը հայտարարել է արհեստական բանականության (ԱԲ) եւ մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացած հայաստանյան DeepCraft ընկերության ձեռքբերման մասին:

TechCrunch-ի փոխանցմամբ՝ գործարքը կանխիկի եւ բաժնետոմսերի համակցություն է եւ ունի յոթանիշ միջակայք, սակայն ստույգ պայմանները չեն բացահայտվում:

Picsart-ը կարծում է, որ DeepCraft-ի տեխնիկական հմտություններն ԱԲ ոլորտում եւ առաջընթացը համակարգչային տեսողության եւ մեքենայական ուսուցման ասպարեզում կուժեղացնեն Picsart-ի սեփական ԱԲ տեխնոլոգիան եւ կօգնեն ավելի լավ խթանել իր տեսածառայությունների հետագա աճը:

DeepCraft-ը հիմնադրվել է 2017 թվականին: Ընկերության համահիմնադիրներ Արմեն Աբրոյանը (գլխավոր տնօրեն) եւ Վարդգես Հովհաննիսյանը (տեխնիկական տնօրեն), ավելի քան 20 տարի զբաղվում են արհեստական բանականությամբ եւ մեքենայական ուսուցմամբ։

Ընդհանուր առմամբ, 8 ավագ ինժեներներից բաղկացած DeepCraft-ի ողջ թիմը կմիանա Picsart-ին:

Նախքան գործարքը Picsart-ն արդեն գործնական հարաբերություններ է ունեցել DeepCraft-ի հետ՝ համագործակցելու տարբեր տեխնոլոգիական մշակումների շուրջ:

«DeepCraft-ը խորը տեխնոլոգիաների ասպարեզում ինժեներների եզակի թիմ է, եւ մենք նրանց հետ աշխատում ենք ավելի քան մեկ տարի՝ ստեղծելու մեր հիմնական տեխնոլոգիաները»,- ասել է Picsart-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը: «Քանի որ մենք ավելի շատ ներդրումներ ենք կատարում մեր տեսանյութերի հնարավորությունները զարգացնելու համար, վստահ ենք, որ DeepCraft-ի թիմը նշանակալի դեր կխաղա տեսանյութի ապագայի ձեւավորման գործում»,- հավելել է նա: