Նուբար Աֆեյանը
12:32 | 02.12.21 | Նորություններ | 17969
Moderna ընկերության համահիմնադիր եւ նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը վստահ է, որ գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը կարեւոր է ցանկացած երկրի եւ հատկապես Հայաստանի ապագայի համար:
Սիվիլնեթի հետ հարցազրույցում նա հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Ռուբեն Վարդանյանի եւ այլ գործընկերների հետ իրենք հիմնել են Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որը տարբեր ուղղություններով աշխատանք է ծավալում:
Նուբար Աֆեյանն ասել է, որ այդ աշխատանքի հիմնական նպատակներից է առանձնացնել գիտական եւ տեխնոլոգիական այն ոլորտները, որտեղ «Հայաստանը կարող է մրցունակ լինելու բացառիկ հնարավորություններ ունենալ՝ ի նկատի ունենալով մեր ունեցած արտաքին ռեսուրսները»:
Նրա խոսքով, եթե Հայաստանի կառավարությունը ցուցադրի, որ պատրաստ է հետեւողական աշխատել գիտության զարգացման համար՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով կրթական ոլորտին, դա պայմաններ կստեղծի տարբեր համագործակցային ձեւաչափերի համար՝ հայերի եւ այլ ազգերի գիտնականների հետ:
«Ցանկացած նախաձեռնություն, որը չի ներառում կառավարությունը, փոքրածավալ է մնալու: Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում մենք չենք կարող սահմանափակվել միայն խոսելով, մեզ անհրաժեշտ է ունենալ համակարգված ռազմավարություն, որի շրջանակում կառավարությունը կանի գործի իր մասը, իսկ համայնքի մնացած անդամները՝ իրենց մասը», - շեշտել է Նուբար Աֆեյանը: