11:31 | 24.11.21 | Նորություններ | 1767

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում կբացվի «Արմաթ» լաբորատորիա

2022 թվականի գարնանը Դաքքայի Ռազմաօդային դպրոցում կբացվի «Արմաթ» աշխատանոց։

Բացմանը վերաբերող հարցերը քննարկվել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) Բանգլադեշի գործընկերային պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։

«Բանգլադեշի ներկայացուցիչները մատնանշեցին, որ կներկայացնեն «Արմաթն» իրենց Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչությանը (High Tech Park Authority) եւ հետամուտ կլինեն «Արմաթը» Բանգլադեշում ներդնելու հարցում»,- ասել է ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գեւորգյանը։

Ներկա պահին գործում է 600 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում եւ Վրաստանում։ Շուրջ 15000 երեխա ներգրավված է «Արմաթ» ԻԼ նախագծերում։ Մոտ ապագայում կդիտարկվի նաեւ Բանգլադեշի այլ վայրերում «Արմաթ» աշխատանոցների բացման հեռանկարը, ասված է  ԱՏՁՄ հաղորդագրության մեջ: