17:06 | 22.11.21 | Նորություններ | 2080
DISQO ընկերությունը եւ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ) մեկնարկում են «JavaScript-ի խորացված ուսուցում եւ փորձաշրջան» ծրագիրը:
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են հմտանալ ոլորտում եւ ստանալ փորձաշրջանի հնարավորություն DISQO ընկերությունում: Երեւանում այն կանցկացվի օֆլայն ձեւաչափով, իսկ մարզերից մասնակիցների համար կգործի առցանց մասնակցության հնարավորություն։
Արցախյան պատերազմի մասնակիցների համար կգործեն մասնակցության արտոնյալ պայմաններ:
6 ամիս տեւողությամբ կրթական ծրագիրը մշակվել է DISQO-ի մասնագիտական թիմի հետ միասին եւ միտված է պատրաստել JavaScript-ի որակյալ կադրերի՝ խորացված գիտելիքներով եւ պրակտիկ հմտություններով։
«Փորձաշրջանի հնարավորության համար մրցակցությունը բարձր կլինի, քանի որ անկախ արդյունքներից, DISQO-ում ունենք բարձր նշաձող՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Ուստի հնարավորությունը կլինի, բայց մնացած ամեն ինչ կախված է հենց մասնակիցների աշխատասիրությունից ու նպատակասլացությունից»,- նշել է DISQO-ում տեխնոլոգիական թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը։
ԳՏՏԿ (GITC) գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանն նշել է, որ DISQO ընկերության հետ համագործակցության արդյունքում հեռավար աշխատանքի հնարավորություն կստեղծվի մարզաբնակների եւ զինծառայողների համար։
Դասընթացի նախագրանցման փուլով մասնակցության ցանկություն է հայտնել շուրջ 300 հոգի: Մասնակիցների համար տեղերը սահմանափակ եւ` ցանկացողները կարող են դիմել մինչեւ նոյեմբերի 30-ը՝ լրացնելով դիմումը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 031 031 հեռախոսահամարով: