17:48 | 11.10.21 | Նորություններ | 1647

SADA Systems-ը Հայաստանում գլոբալ կենտրոն է հիմնում

«SADA Systems» տեխնոլոգիական խորհրդատվական ընկերությունը Հայաստանում բիզնեսի եւ տեխնոլոգիաների գլոբալ կենտրոն է հիմնում՝ առաջիկա 3 տարում կատարելով 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Կենտրոնի ստեղծման մտադրության մասին հայտնի էր դարձել դեռեւս 2020թ. սեպտեմբերին, սակայն պատերազմը հետաձգեց ծրագրի մեկնարկը:

«SADA Systems» ամերիկյան ընկերության հիմնադիրները Հովիկ եւ Անի Սաֆոյաններն են: Ընկերությունը վերջին 3 տարիներին անընդմեջ ճանաչվել է Google Cloud-ի «տարվա գործընկեր»: Ընկերության հաճախորդների թվում են Twitter-ը, Snapchat-ը, Boeing-ը:

3 ամիս առաջ ընկերությունը հայտարարեց հետպատերազմյան Հայաստանում ներդրումներ կատարելու ու կենտրոնի ստեղծումը գործնական փուլ տեղափոխելու մասին:

Հանրային հեռուստաընկերության եթերում «SADA Systems»-ի հիմնադիր Հովիկ Սաֆոյանը նշել է՝ Հայաստանում տեխնոլոգիաների գլոբալ կենտրոն ստեղծելու գաղափարը եւ՛ բիզնես, եւ՛ զգացմունքային հիմք ուներ.

«Մենք հիմնականում Միացյալ Նահանգներում ու Կանադայում ենք աշխատում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Google-ը ցանկացավ մեր միջոցով ունենալ նաեւ գլոբալ մատակարարման կարողություններ ու սկսել աճել աշխարհով մեկ: Այսօր մենք ընդամենը 500 աշխատող ունենք, բայց մրցում ենք շատ գլոբալ ընկերությունների հետ: Գրասենյակ ունենալու առումով տարբեր երկրների անուններ հնչեցին, իհարկե, մենք Հայաստանի մասին միանգամից մտածեցինք՝ ակնհայտ պատճառներով: Մենք հայ ենք, մեր ամբողջ ընտանիքը Հայաստանում է ծնվել, այստեղ դպրոց եմ գնացել, համալսարանն եմ ավարտել, հետո աշխատել եմ այստեղ: Այս երկիրը մեզ շատ բան է տվել», - ասել է Հովիկ Սաֆոյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, վերջական որոշում կայացնելուց առաջ ուսումնասիրել են՝ արդյոք Հայաստանում նպաստավոր պայմաններ կան ընկերության բիզնեսի գլոբալ տարածման տեսանկյունից:

photo © glassdoor.com


«Մանրակրկիտ հետազոտությունից հետո մեզ ներկայացվեց զեկույց, որ այո՛, Հայաստանում շատ լավ պայմաններ կան: Ուզում եմ ասել՝ ոչ միայն զգացմունքային, այլեւ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում կայացրած որոշում էր»:

Հովիկ Սաֆոյանի խոսքով՝ ընկերությունն արդեն 25 աշխատող ունի Հայաստանում ու մինչեւ տարվա վերջ նախատեսում է կրկնապատկել այս թիվը:

«Առաջիկա 2,5-3 տարում «SADA Systems»-ը պլանավորում է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Այդքան էինք նախատեսել, բայց, ըստ երեւույթին, այս թիվը կանցնենք», - ասել է Հովիկ Սաֆոյանը:

«Դեռ պատերազմից առաջ էինք որոշել Հայաստան գալ, ու հիմա, կարող եմ ասել, որ մեր որոշումն ավելի վճռական է: Հայաստանում մենք աճում ենք ավելի արագ, քան նախատեսում էինք: Ի սկզբանե այստեղ ցանկանում էինք միայն ինժեներներ ընդունել աշխատանքի, բայց մեր մյուս բաժինները՝ ֆինանսական, իրավաբանական, մարդկային ռեսուրսների կառավարման, վաճառքի, նույնպես ցանկացան ընդլայնվել Հայաստանում: Մեր այստեղի ինժեներներն արդեն աշխատում են գլոբալ նախագծերի վրա ու հաճախ ենք հաճախորդներից անվանական արձագանքներ ստանում, որ Հայաստանում աշխատող այս ինժեները հիանալի աշխատանք է կատարել», - ասել է «SADA Systems»-ի հիմնադիրը:

Հովիկ Սաֆոյանի կարծիքով՝ Հայաստանում ու ընդհանրապես աշխարհում ամենամեծ մարտահրավերն այսօր մարդկային ռեսուրսներն են:

«Շատ տաղանդավոր եւ շատ պոտենցիալ ունեցող մասնագետներ ունենք, սակայն, ցավոք, չունենք այն քանակի, որքան անհրաժեշտ է: Բայց սա էլ լուծում ունի այն իմաստով, որ երիտասարդ, «junior» մասնագետների, որոնք նոր են սկսում աշխատել, կամ նույնիսկ դեռ չեն ավարտել համալսարանները, ընդունում ենք մեզ մոտ եւ սովորեցնում», - ասել է Հովիկ Սաֆոյանը:

Ըստ նրա՝ լուծման մյուս տարբերակը աշխարհի այլ երկրներից հայ ու այլազգի մասնագետներին Հայաստան հրավիրելն է.

«Մենք այսօր շատ մասնագետների կարիք ունենք: Եթե աշխարհի որեւէ ծայրից, որեւէ հայ կամ որեւէ այլազգի մասնագետ ցանկանա դիմել, մենք հաճույքով, այսպես ասած, կարմիր գորգ կփռենք, անձամբ կդիմավորենք, կաջակցենք իրենց տեղափոխությանը Հայաստան եւ այստեղ կօգնենք բոլոր հարցերում», - ասել է Հովիկ Սաֆոյանը:

«SADA Systems»-ի հիմնադիրը ներկայացրել է նաեւ ոչ ֆինանսական ներդրումը, որը ցանկանում են կատարել Հայաստանում.

«Այստեղ ձեւավորելով, ունենալով բարձրակարգ մասնագետներ, որոնք կտիրապետեն բեկումնային, գերժամանակակից տեխնոլոգիաների, հատկապես՝ Google-ի տեխնոլոգիաներին, որոնք այսօր այնքան էլ տարածված չեն Հայաստանում, մենք նաեւ ոչ դրամական ներդրում ենք կատարում: Մենք պատրաստ ենք Հայաստանում ցանկացած բնագավառում, լինի առողջապահություն, կամ կրթություն, աջակցել այդ բնագավառի օգտագործած տեխնոլոգիաների մոդեռնիզացիային, անցնելուն ամպային տեխնոլոգիաների օգտագործմանը: Պատրաստ ենք ներդնել մեր ջանքերը, մի խոսքով՝ այստեղ չենք, որ միայն վերցնենք, մենք այստեղ ենք, որ տանք», - ասել է «SADA Systems»-ի հիմնադիր Հովիկ Սաֆոյանը: