16:03 | 24.09.21 | Նորություններ | 1864

Ամփոփվել են STEMpower Girls Armenia ծրագրի արդյունքները

Ամփոփվել են Հայաստանի բոլոր մարզերում անցկացված 5-ամսյա STEMpower Girls Armenia ծրագրի արդյունքները, որը նախաձեռնել էր Girls in Tech կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը:

Ծրագիրը նախատեսված էր 9-12-րդ դասարաններում սովորող աղջիկների համար:

Ավելի քան 300 դիմորդներից շուրջ 200-ը գարնանից սկսած նախ հնարավորություն ստացան առցանց դասերի միջոցով բացահայտել մեքենայական ուսուցումը եւ  արհեստական բանականությունը: Այնուհետեւ անցում կատարվեց առկա դաս-հանդիպումներին, որոնց ընթացքում աղջիկներն ինտերակտիվ եւ խաղային մեթոդներով բացահայտում էին իրենց արդեն ծանոթ, բայց հաճախ դեռ քիչ գրավիչ ֆիզիկան, քիմիան եւ կենսաբանությունը: Մարզերում որպես առկա դասընթացների կանգառ ընտրվում էր այն համայնքը, որտեղից առավել մեծ թվով դիմորդներ էին եղել:


Երեւանից դուրս ծրագիրը կանգ առավ հետեւյալ քաղաքներում ու գյուղերում՝ Մեծամոր, Հրազդան, Վանաշեն, Սիսիան, Արենի, Սպիտակ, Գյումրի, Սարիգյուղ, Ծակքար եւ Կարբի:

Մասնակից աղջիկները համայնքային խմբերով նախաձեռնեցին գիտական ու տեխնոլոգիական իրենց նախընտրած թեմայով նախագծի իրականացում, որը պիտի ներկայացնեին առկա կամ հեռավար ձեւաչափով: Շատերը կարողացան շնորհանդես-միջոցառումներ կազմակերպել հենց իրենց դպրոցներում, իսկ մյուսները տեսանյութերի ձեւով ամփոփեցին աշխատանքները: Շուրջ 25 խմբային նախագծերի բոլոր մասնակիցներն արժանացան հավաստագրերի, իսկ հաղթող ճանաչված 10 նախագծերի 28 աղջիկները՝ նաեւ հատուկ նվերների:


Ծրագիրը ֆինանսավորվել էր ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Առաջիկայում նույն ծրագրի շրջանակում նախատեսվում է STEM ոլորտների խթանմանն ուղղված նախագիծ իրականացնել նաեւ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ: