15:52 | 06.09.21 | Նորություններ | 1517

    ԱԹՍ մրցույթին 30 թիմ կմասնակցի

    Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կառուցվող ԱԹՍ օդանավակայանում տարածքում սեպտեմբերի 18-ին կկայանա «Հաւք 2021» առաջին ԱԹՍ մրցույթը, որին կմասնակցի 30 թիմ։

    Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հայտնում են, որ մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։  

     
    Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ եւ մասնագիտացած ընկերություններ։

    Թիմերից 16-ը դպրոցական են, 11-ը՝ սիրողական, 3-ը՝ մասնագիտական։   

    Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում եւ գոյատեւման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։

    Մրցույթն իրականացվում է ԵՄ Հորիզոն 2020 «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակում, որը միտված է արտակարգ իրավիճակներում իրավիճակային իրազեկման համակարգի զարգացմանն ու կիրառմանը, ինչպես նաեւ առաջին արձագանքողին անհրաժեշտ տեղեկատվության եւ կապի ծառայությունների տրամադրմանը: