18:00 | 06.08.21 | Հոդվածներ | exclusive 2933

Նախկին ատամնաբույժը, որ ընտրեց ծրագրավորումը. Սերոբի պատմությունը

Սերոբ Խաչատրյանը «42 Երեւան»-ի այն ուսանողներից է, որը բոլորովին այլ բնագավառից է տեղափոխվել ծրագրավորման աշխարհ։ Itel.am-ը զրուցել է մասնագիտությամբ ատամնաբույժ Սերոբի հետ, պարզելու նման որոշում կայացնելու նախադրյալներն ու հետեւանքները։

Անսպասելի որոշում

Նույնիսկ իր համար անսպասելի, Սերոբ Խաչատրյանը մի առավոտ որոշեց՝ սպիտակ խալաթ այլեւս չի կրելու եւ Վոլգոգրադի № 6 կլինիկա էլ չի գնալու։

Կյանքը փոխելու կտրուկ որոշումը կայացնելուց մի քանի օր հետո, նա Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստան։ Այս բուռն իրադարձությունները տեղի ունեցան ընդամենը մի քանի օրում, 2020 թվականի պատերազմից առաջ։

«2020-ի սեպտեմբերի 29-ին պատերազմի դաշտում էի որպես կամավոր։ Վերադարձա նոյեմբերի 16-ին ու պարզեցի, որ «42 Երեւան»-ում նոյեմբերի 21-ին սկսելու են մեր դասերը, որոնք հետաձգվել էին համաճարակի պատճառով։ «42 Երեւան»-ին դեռ մարտին էի դիմել, ու առաջին՝ ընդունելության խաղ-փուլը թեեւ հեշտությամբ հաղթահարել էի, բայց տարակուսում էի, գնալ, թե ոչ։ Գնացի, եւ պարզվեց, որ այն, ինչ այդքան հեշտ էր դեռ գարնանը, չափազանց բարդ ու անհաղթահարելի էր թվում աշնանը։ Պատերազմի ավարտից 11 օր էր անցել, իմ վերադարձից՝ 5 օր: Գնում էի «42 Երեւան», նստում համակարգչի առջեւ, ու հասկանում, որ որեւէ բան չեմ կարողանում անել, գլխումս բոլորովին այլ մտքեր էին, կարծես շարունակ խառնաշփոթ ու մթնշաղ լիներ», - վերհիշում է Սերոբը։

Ատամնաբուժությունից ծրագրավորում

Սերոբ Խաչատրյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է։ 7 տարի սովորել է Վոլգոգրադի բժշկական համալսարանում, ատամնաբուժական աթոռին նստած աշխատել է 2 տարի եւ հասկացել՝ ոչ մասնագիտությունը, ոչ էլ աշխատանքը չի կարողանում սիրել։

Սերոբ Խաչատրյանը Սերոբ Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


«Ամեն օր գնում էի աշխատանքի ու պոլիկլինիկա մտնելիս կամ դուրս գալիս, ինքս ինձ ասում էի, որ բժշկի գործն իմը չէ, ես չեմ ուզում զբաղվել դրանով։ Միշտ սիրել եմ ծրագրավորումը, թեեւ ընտանիքում ոչ մի ծրագրավորող չկա՝ մայրս մանկաբարձ-գինեկոլոգ է, հայրս՝ գործարար։ Որոշեցի վերջ դնել այդ մասնագիտությանը, ընդունվել «42 Երեւան»՝ որի մասին ընկերոջիցս էի լսել, ու տեղափոխվել Հայաստան։ Այդ որոշման համար մեկ վայրկյան անգամ չեմ փոշմանում։

-Իսկ պացիենտնե՞րդ։

- Հավատացեք, իմ պացիենտների համար ավելի լավ է, որ ես թողել եմ այդ գործը։ Ցանկացած պացիենտ զգում է բժշկի վերաբերմունքն իր աշխատանքի հանդեպ։
Եթե գործդ չես սիրում, չես կարող հարյուր տոկոսանոց արդյունք տալ, ուստի ավելի ազնիվ է, որ թույլ տաս, որ այդ գործն անի այն մարդը, որը իսկապես որակյալ եւ ի սրտե է աշխատում, - անկեղծանում է Սերոբը։

Խաղաղ հոգեվիճակ

Սերոբն ասում է, որ կայացրած որոշման հետեւանքով հոգեպես ավելի լավ է զգում, երջանիկ է նաեւ Ռուսաստանից տեղափոխվելու համար, որտեղ ապրել է 21 տարի։

Այս պահին Հայաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգի փուլում է։ Կարծում է, որ «42 Երեւան»-ի դասընթացներն ավարտելուց հետո, հայկական անձնագրով ավելի հեշտ կկարողանա Հայաստանի որեւէ ընկերությունում նախ փորձաշրջան գտնել, հետո՝ աշխատանք։

-Իսկ որոշմանդ ինչպե՞ս արձագանքեցին ծնողներդ։

Սերոբ Խաչատրյանը Սերոբ Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


-Այդ հարցում բախտս բերել է, նրանք ինձ լիովին հասկանում են եւ աջակցում որոշումներիս կայացմանը, որքան էլ դա անսպասելի լինի եւ գուցե ոչ այդքան ականջահաճո։

Ռուսաստանում ապրել եմ 5 տարեկանից, մտերիմներ ու ընկերներ ունեմ այնտեղ, որոնց հետ շարունակում եմ շփվել եւ հաճախ նաեւ գնալ ու հանդիպել նրանց։ Բայց իմ ապագան այդ երկրում չեմ պատկերացնում, չկարողացա սիրել», - ասում է Սերոբը։

«42 Երեւան»-ի ազատությունը

Սկզբնական շրջանում, Սերոբն օրվա 10-11 ժամն անցկացրել է «42 Երեւան»-ում։ Հիմա 6-7 ժամ, կատակում է, թե շոգի պատճառով մի քիչ ալարկոտ դարձել։

Թե ծրագրավորման լեզուներից որը կընտրի, դեռ չի կողմնորոշվել, կարծում է, որ կգնա պատկերների ստեղծման հետեւից, դրանց հետ աշխատանքն ամենաշատն է սիրում։

Սերոբ Խաչատրյանը Սերոբ Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


««42 Երեւան»-ում ինձ ամենից շատ դուր է գալիս ազատությունը։ Շատ ոգեւորող միջավայր է, շատ մոտիվացնող։ Ուղղակի հրաշալի է, երբ քեզ քո ժամանակը տնօրինելու ազատություն են տալիս, թողնում են ինքնուրույն որոշել, թե երբ գաս դասի, երբ գնաս, երբ պլանավորես հանգիստդ։ Մի քանի օրից գնալու եմ Ռուսաստան, եւ որեւէ մեկից թույլտվություն խնդրելու անհրաժեշտություն չունեմ, որովհետեւ դասերս այնպես եմ դասավորել, որ հանգստանալուն չխանգարի։

Մյուս ամենակարեւոր բանն այն է, որ, «42 Երեւան»-ի ծրագիրը շատ հետաքրքիր է, այստեղ քեզ միանգամից ուղղորդում են ծրագրավորման մեծ օվկիանոս եւ ասում՝ կարող ես լողալ, տարածքը քոնն է։ Ինչպե՞ս լողալ եւ ինչպե՞ս դուրս գալ, որոշում ես դու։

Այստեղ լողալու համար ոմանք օգտագործում են դասագրքեր, մյուսները տարբեր հոդվածներ, ինձ դուր է գալիս վիդեոդասերի տարբերակը։ Ես օրվա ընթացքում շատ տեսանյութեր եմ դիտում ու շատ հարցեր տալիս կողքիս աշխատող մարդկանց»։

Սերոբ Խաչատրյանը Սերոբ Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Սերոբը պնդում է՝ «42 Երեւան»-ում սովորում է լինել թիմի անդամ, ցանկացած հարցով դիմել թիմակցին եւ խնդիրը լուծել հենց նրա օգնությամբ։

Նախկին ատամնաբույժն ու ապագա ծրագրավորողը շատ գաղափարներ եւ մտքեր ունի, ավարտելուն պես, վստահ է, որ ստարտափ է ստեղծելու։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի