16:54 | 26.07.21 | Նորություններ | 17566

Լրագրողները բացահայտել են TikTok-ի գաղտնի ալգորիթմը

The Wall Street Journal-ի լրագրողները դիմել են ՏՏ մասնագետների եւ բոտերի բանակի օգնությանը՝ պարզելու, թե ինչպես է գործում TikTok սոցիալական ցանցի ալգորիթմը, գրում է Կոմերսանտը:

Փորձարկումը ցույց է տվել, որ TikTok-ի նեյրոնային ցանցին բավական է հետեւել ընդամենը մեկ ցուցչի՝ տեղեկանալու համար, թե ինչ է ցանկանում օգտատերը եւ ինչ է պետք ցույց տալ էկրանին, որպեսզի նա չցանկանա դուրս գալ հավելվածից:

Wall Street Journal-ի թիմը TikTok-ում ստեղծել է ավելի քան հարյուր բոտ-օգտահաշիվ, որոնք «դիտել» են հարյուր հազարավոր տեսանյութեր: Լրագրողները պարզել են, որ օգտատերերին հասկանալու համար TikTok ալգորիթմին կարեւոր եւ անհրաժեշտ է ընդամենը մեկ ցուցիչ՝ ժամանակը, որն օգտատերը ծախսում է յուրաքանչյուր տեսանյութի դիտման համար:

Լրագրողների կողմից ստեղծված TikTok-ի յուրաքանչյուր նոր օգտատիրոջ համար տեսանյութերի նախնական ընտրությունը գրեթե նույնն էր. դրանք ծառայության սերվիսի ամենադիտված տեսանյութերն էին: Նման տեսանյութերի դիտումների միջին քանակը 6.3 միլիոն է: Բայց որքան շատ դիտում է կատարում օգտատերը (այս դեպքում ՝ բոտը), այնքան շատ տեսանյութեր է նա ստանում փոքրաթիվ դիտումներով, բայց ավելի համապատասխանող իր նախասիրություններին։

Ալգորիթմից պահանջվեց երկու ժամից պակաս ժամանակ՝ լիովին հասկանալու, թե ինչ է ցանկանում տեսնել օգտատերը: Որոշ դեպքերում TikTok ալգորիթմին հաջողվեց հասկանալ բոտի ցանկությունները հավելվածն օգտագործելու առաջին 40 րոպեների ընթացքում:

Փորձարկման ընթացքում պարզվեց, որ TikTok-ի արհեստական ինտելեկտը, որը պատասխանատու է տեսանյութերի ընտրության համար, միշտ սկսում է ընդհանուր թեմաներով տեսանյութեր ցուցադրել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է ավելի համապատասխանում կոնկրետ օգտատիրոջը: