16:25 | 23.07.21 | Նորություններ | 6494
Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարում փորձելու են հնարավորինս աջակցել պատերազմի հետեւանքով անօթեւան դարձած, Արցախից ժամանած եւ տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը եւս մնալու է գործընկերների ուշադրության կենտրոնում:
Հադրութից Վայոց ձորի մարզ տեղափոխված եւ առայժմ վարձակալությամբ բնակվող Միքայելյանների ընտանիքն ընդգրկվել են Վիվա-ՄՏՍ-ն եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրում: Մինչեւ տարեվերջ ընտանիքի համար Արենիում հիմքից տուն կկառուցվի:
«Կյանքում լինում են իրավիճակներ, երբ թվում է`փակված են բոլոր դռներն ու եղած խնդիրները հաղթահարելու հնարավորություն այլեւս չկա։ Որքան էլ բարդ է լավատեսություն փոխանցել ձեր ընտանիքին` պետք է փորձեմ անել դա։ Ընտրեք ոչ թե հուսահատվելու, այլեւ հավատով առաջ գնալու ճանապարհը։ Մենք, մեր գործընկերների հետ, ձեր կողքին ենք։ Այս ծրագիրը ձեզ թույլ կտա ոտքի կանգնել։ Իսկ այժմ խոստացեք, որ երբ սկսվի շինարարությունը, տան կառուցվող պատերի, դրվող ամեն քարի հետ, ամրացնելու եք ձեր հույսն ու կամքը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա֊ ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: 2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն դրամ: