10:43 | 30.06.21 | Նորություններ | 1528

Pinsight-ը միացել է SmartGateVC վենչուրային ֆոնդի ընտանիքին

SmartGateVC-ն հայտարարել է Pinsight ընկերությունում ներդրման մասին` որպես նախասաղմնային փուլի առաջատար ներդրող։

Pinsight-ը SaaS պրոդուկտ է, որի միջոցով հաճախորդների սպասարկման եւ պրոդուկտների զարգացման թիմերը կարող են ավտոմատացնել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, ֆինանսական եւ այլ չմշակված տվյալներից կանխատեսումների դուրսբերման գործընթացը մեկ հպման օգնությամբ։

Pinsight-ն օգտագործում է մեքենայական ուսուցման նորարական մոտեցումների եւ խորը վիճակագրական վերլուծության ավանդական մեթոդաբանության համակցությունը ամբողջովին ավտոմատացված եղանակով բարձր ճշտությամբ, բացատրվող, եւ վստահելի արդյունքներ ստեղծելու համար։ Այս լուծումը կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում՝ մարկետինգ (քարոզարշավի էֆեկտիվության եւ արձագանքի բարձրացում), ֆինանսներ (վարկային ռիսկերի նվազեցում կամ ներդրման եկամտաբերության բարձրացում), մանրածախ վաճառք (վաճառքների ավելացում եւ բարելավում), շուկայի ուսումնասիրություն (շուկայական միտումների եւ խոցելի կետերի բացահայտում), հեռահաղորդակցություն (հաճախորդների արտահոսքի նվազեցում եւ գոհունակության բարձրացում) եւ այլն։

Այսպիսով, Pinsight-ը մտնում է 23 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի գնահատվող բիզնես վերլուծությունների շուկա, որը միտում ունի ընդլայնվելու մինչեւ 33 միլիարդ ԱՄՆ դոլար մինչեւ 2025 թվականը։

«Pinsight-ը համապատասխանում է մեր պորտֆոլիոյի ԱԲ ընկերությունների ենթակառուցվածքին, այդ թվում՝ SuperAnnotate, AimHub, ActiveLoop։ Ես շատ ոգեւորված եմ այս ներդրմամբ եւ թիմով», - ասել է SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը։

«Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ընկերությունները որոշումներ կայացնելու համար էականորեն հիմնվում են տվյալների եւ վերլուծությունների վրա։ Մինչդեռ, մինչ օրս էլ չմշակված տվյալների հիման վրա եզրակացություններ անելը զարմանալիորեն դժվար է եւ ժամանակատար։ Pinsight-ում մենք ստեղծել ենք արհեստական բանականությամբ աշխատող ամբողջովին ավտոմատացված մի համակարգ, որը կարողանում է չմշակված տվյալներից դուրս բերել կարեւոր կանխատեսումներն ու գործոնները՝ հնարավորություն տալով կայացնելու ճիշտ որոշումներ ավելի սեղմ ժամկետներում», - նշել է Pinsight-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հրանտ Դավթյանը։