17:49 | 25.06.21 | Նորություններ | 1850

92 ստարտափ կպայքարի Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային մրցույթի նախնական փուլում

Ավելի քան 100 հայաստանյան ստարտափեր ներկայացրել են իրենց հայտերը Հայաստանի Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակչին մասնակցելու եւ մրցանակը ստանալու  համար: 92 նորաստեղծ թիմեր անցել են ազգային մրցույթի նախնական փուլը։

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) տեղեկացնում է, որ դիմորդների 51%-ը գտնվում է գաղափարային փուլում, 40%-ը՝ վաղ զարգացման, իսկ 9%-ը՝ աճի փուլում:

Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղահայացներն են մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն եւ բարեկեցություն:

Առաջին փուլում կընտրվեն ազգային կիսաեզրափակչի մասնակիցները, որից հետո էլ 10-12 լավագույն ստարտափերը կմասնակցեն ազգային եզրափակչին:

Թիմերը կմրցեն չորս մրցանակների համար, որից երեքը գաղափարային, վաղ եւ աճի փուլերում գտնվող ստարտափերի մրցանակներն են եւ ազգային եզրափակչի գլխավոր մրցանակը: Ազգային եզրափակչի գլխավոր մրցանակի հաղթողը հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնել 2021թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակչում, որը տեղի կունենա նոյեմբերին Սաուդյան Արաբիայիում: