15:04 | 14.06.21 | Նորություններ | 1815

Հայ կանանց հիմնադրած InSpace հարթակը $6 մլն-ի ֆինանսավորում է ստացել

Հայ գործարար կանանց հիմնադրած InSpace հեռավար ուսուցման հարթակը սաղմնային ներդրման շրջափուլում 6 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել Boston Seed Capital-ից, Gutbrain Ventures-ից, PBJ Capital-ից եւ այլ ներդրողներից:

Նարինե Մանուկյան Հոլլի եւ Հայկանուշ Լպուտյանի հիմնած հարթակը ZOOM-ի այլընտրանքն է, որը ստեղծվել է դասավանդողների կողմից՝ դասավանդողների համար:

Այն ընդօրինակում է լսարանային բնական միջավայրը՝ օնլայն հանդիպումները հնարավորինս մոտեցնելով դեմ առ դեմ դասավանդման ձեւաչափին: Հարթակում կոնֆերանսի յուրաքանչյուր մասնակից ներկայացվում է շրջանակի մեջ առնված վիդեո պատկերի տեսքով, որն օգտատերը կարող է տեղափոխել վիրտուալ միջավայրի իր նախընտրելի հատվածը:

«Կարող ես ազատորեն շարժվել եւ զգալ տարածությունը: Շարժման միջոցով հնարավոր է ստանալ սոցիալական ազդանշաններ, օրինակ՝ երբ իմ վիդեո պատկերը մոտեցնում եմ այլոց, նրանք հասկանում են, որ ցանկանում եմ խոսել իրենց հետ: Այսինքն՝ սա սոցիալական առումով զգայուն հարթակ է»,- Forbes-ին տված հարցազրույցում նշել է Նարինե Մանուկյանը:

photo © Inspase


Հարթակի առավելություններից է այն, որ երբ վիրտուալ տարածքում մասնակիցներն իրար մոտենում են, կարող են միմյանց հստակ լսել, ինչպես դեմ առ դեմ զրույցի ժամանակ, մինչդեռ ավելի հեռու գնալիս ձայնի ուժգնությունը նվազում է: InSpace-ն ունի նաեւ վիրտուալ լսարաններ, որտեղ կարելի է մտնել, կամ դուրս գալ ու տեղափոխվել այլ լսարան, վիրտուալ գրատախտակ, որը կարելի է օգտագործել իրական ժամանակում, ձեռք բարձրացնելու հնարավորություն եւ այլ նորարար մոտեցումներ՝ հեռավար դասերն ավելի արդյունավետ ու գործուն դարձնելու համար: