12:04 | 20.05.21 | Նորություններ | 1297
Մեծանուն հայ գիտնական Սերգեյ Մերգելյանի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ մայիսի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան, ծանոթացել գործարանի ներկայիս վիճակին, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին:
Կարեւորելով Սերգեյ Մերգելյանի հսկայական ծառայությունները մաթեմատիկական գիտության զարգացման գործում, նրա փայլուն կազմակերպչական գործունեությունը` ուղղված գիտատեխնիկական կառույցների ստեղծմանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ գործարանը պետք է երկրի գիտական ներուժի համատեղման կարեւորագույն հենարաններից մեկը լինի:
Նախարարի պաշտոնակատարը ընդգծել է Մերգելյանի անվան Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարանի կարեւորութունը Հայաստանի գիտական մտքի զարգացման գործընթացում։ Այն հայկական գիտության առաջընթացի կարեւորագույն հենարաններից է եղել եւ այժմ էլ լուրջ հավակնություններ կան վերադարձնելու գիտական համբավը։
Հայկ Չոբանյանը գործարանի գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանին հանձնարարել է հստակ ժամկետներում մշակել գործարանի զարգացման ծրագիր եւ ռազմավարություն, հստակեցնել տեխնիկական առաջադրանքները։ «Գնահատելով ունեցածը՝ պետք է նոր թափով շարունակել ճանապարհը»,- ասել է Հայկ Չոբանյանը։
Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը գիտական մտքի երկիր կդառնա:
«Հայաստանն այլեւս ոչ թե ծառայություններ մատուցող երկիր, այլ գիտական մտքի շտեմարան պետք է լինի, որտեղ համախմբված կլինի երկրի ողջ գիտական ներուժը: Այդ նպատակի համար պետք է ներգրավել ոլորտին քաջատեղյակ մարդկանց։ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարանում կանգնած մեխանիզմներ չպետք է լինեն»։