14:32 | 17.05.21 | Նորություններ | 1493

«Տելեկոմ Արմենիա»-ն կավելացնի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունները

Մայիսի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) ղեկավարությունը հանդիպում է ունեցել Հայաստանում այցով գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:

Քննարկվել են տեխնոլոգիական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել է Տելեկոմ Արմենիա ՓԲԸ կողմից դեպի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունների բարձրացման հնարավորությունը՝ տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:

Որպես ԱՏՁՄ վարչության անդամ եւ «Արմաթ» ծրագրի գործընկեր՝ «Տելեկոմ Արմենիա»-ն ներկայացրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխատանքի մոդելը։ Որպես բարի կամքի դրսեւորում՝ Տելեկոմ Արմենիա ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պատրաստակամություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի կրթական համակարգին նվիրաբերել երկու լաբորատորիա՝ դպրոցականների շրջանում թվային կրթությանը խրախուսելու համար:

Նշենք, որ միջազգային համագործակցությունը եւ ինտերնետի միջազգային կապուղիների ապահովումը դիտարկվում են որպես ընկերության ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններից մեկը: