11:29 | 17.05.21 | Նորություններ | 969
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակությանը:
Հայկ Չոբանյանը, ողջունելով Քուբադ Թալաբանիին, ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակը:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ռազմավարական ուղղություն է եւ նշանակալի հաջողություններ է գրանցում նույնիսկ համավարակով ու պատերազմով պայմանավորված բարդությունների ժամանակաշրջանում: Իրաքի պատվիրակությանն են ներկայացվել նաեւ ոլորտում իրականացվող նախագծերը եւ երկարաժամկետ ծրագրերը՝ ինժեներական քաղաքը, թվայնացման օրակարգը եւ բարձր տեխնոլոգիական կրթությունը:
Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է երկու երկրների պատմական, աշխարհագրական եւ կրթական ընդհանրությունները:
Փոխվարչապետը նշել է, որ քրդական կողմը հատկապես հետաքրքրված է թվային կառավարման եւ կիբերանվտանգության ոլորտներով: Հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները՝ փոխվարչապետ Քուբադ Թալաբանին բարձր է գնահատել հատկապես հայկական տեխնոլոգիական կրթության փորձը եւ ներկայացրել իրենց երկրի մոդելը:
Իրաքյան Քուրդիստանում գործում է երեք տեխնոլոգիական համալսարան, եւ նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Այս պահին հուշագրի տեքստը գտնվում է մշակման փուլում:
Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը քուրդ գործընկերոջը հրավիրել է Երեւան՝ հոկտեմբերին կայանալիք «DigiTec Expo» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու: