Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Յանդեքս» ընկերության գլխավոր գրասենյակ:
Նախագահը հանդիպել է ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի եւ գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ։
Արմեն Սարգսյանն ընկերության տնօրենների հետ շրջել է «Յանդեքս» ընկերության տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, ինչպես նաեւ «Յանդեքս»-ի նորարարական եւ գիտակրթական նախագծերին ու ծրագրերին։
Նախագահ Սարգսյանին են ներկայացվել «Յանդեքս»-ի կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում եւ մասամբ նաեւ Հայաստանում:
Քննարկման մասնակիցներն ընդգծել են Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ծավալն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, հեռանկարային է համարվել Հայաստանում արհեստական բանականության եւ տվյալների վերլուծությամբ զբաղվող մասնագետների վերապատրաստման նպատակով «Յանդեքս»-ի դպրոցի մասնաճյուղի բացումը։