11:10 | 13.05.21 | Նորություններ | 1083
Հայաստանի ձեռներեցների համար մեկնարկել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2021» մրցույթի հայտագրումը։
EWC միջազգային մրցույթը լայն հնարավորություններ է առաջարկում ձեռներեցներին՝ զարգացնելու իրենց գաղափարները, օգտվելու մրցույթի շրջանակում առաջարկվող մի շարք հնարավորություններից, միջազգային հարթակում ներկայացնելու իրենց ստարտափ գաղափարը։
Մրցույթի կազմակերպիչները հայտատուներին կաջակցեն գաղափարի յուրաքանչյուր փուլում՝ գաղափարի փուլ (idea-stage), վաղ փուլ (early-stage), աճի փուլ (growth-stage)` տրամադրելով գործիքներ եւ ռեսուրսներ իրենց ստարտափը զարգացնելու համար:
EWC 2021-ի միջազգային եզրափակիչի մրցանակային ֆոնդը կազմում է $1 մլն, ինչպես նաեւ նախատեսվում է լրացուցիչ ներդրումային հնարավորություններ եւ $750,000 համարժեք ոչ դրամական օգնություն։
Մրցույթի EWC Accelerates բաղադրիչը ձեռներեցներին օգնելու վիրտուալ ուսուցման եւ մենթորական ծրագիր է։ Այն հնարավորություն է տալիս մասնակիցներին կատարելագործել իրենց հմտությունները, մեծացնել մրցույթի ազգային փուլում հաղթելու եւ միջազգային եզրափակիչում հայտնվելու հավանականությունը:
EWC առցանց հարթակում գրանցման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին մրցույթի գործընկերների կողմից (Google Cloud, Hubspot, Stripe եւ այլն) տրամադրվում են ավելի քան $25,000 համարժեք լրացուցիչ ծառայություններ։
Ձեռներեցության աշխարհի գավաթ մրցույթի հայտերը բաց կլինեն մինչեւ հունիսի 6-ը։ Գրանցումն իրականացվում է այստեղ:
Ազգային եզրափակիչը տեղի կունենա 2021 թվականի հուլիս ամսին։
Ամբողջ աշխարհից լավագույն 100 ստարտափները կուղեւորվեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ՝ մասնակցելու EWC Accelerates ծրագրին եւ մրցելու արդեն EWC գլոբալ եզրափակիչում։
«Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021» մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը։ Մրցույթի համակազմակերպիչն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։