17:43 | 22.04.21 | Նորություններ | 1819

COCA-COLA VIDEO GAMES LAB YSU հարթակը կմիավորի տեսախաղեր ստեղծել ցանկացող երիտասարդներին

Ապրիլի 21-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գրասենյակում կայացել է COCA-COLA VIDEO GAMES LAB YSU վերապատրաստման եւ զարգացման հարթակի շնորհանդեսը:

Հարթակում երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսախաղերի ստեղծման համար առաջին անհրաժեշտության տեխնիկական գիտելիքներ, տեսախաղերի բիզնեսի առաջխաղացման հմտություններ, ինչպիսիք են՝ ֆինանսներ, շուկայավարում, թվային արտադրանքների զարգացման PR եւ այլն:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի»-ի ղեկավար թիմի անդամները, խաղերի ծրագրավորման մասնագետները եւ ԵՊՀ դասախոսական կազմը դասընթացների եւ մենթորության նախագծերի միջոցով երիտասարդների հետ կկիսվեն իրենց  մասնագիտական գիտելիքներով եւ փորձով: Վերապատրաստումն անցած անհատները եւ թիմերը հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները՝ օգտագործելով հարթակի ռեսուրսներն ու հնարավորությունները:    


«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանն իր խոսքում նշել է, որ արդեն մի քանի տարի է ընկերությունն աշխատում է հայ երիտասարդների հետ՝ «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում:

Արթուր Սահակյանը Արթուր Սահակյանը
photo © COCA-COLA


«Կարեւորում ենք որակյալ կրթության նախապայմանների առկայությունը եւ զարգացումը Հայաստանում, իսկ այդ ամենի հիմքը հանդիսանում է բիզնեսի եւ պետական կառույցների համագործակցությունը: Հետեւելով այդ առաքելությանը՝ մեր ընկերությունը սկսեց իր համագործակցությունը «Երեւանի Պետական Համալսարան» հիմնադրամի հետ: Այդ համագործակցության շրջանակում փորձում ենք ունենալ մեր ներդրումը աշխարհում արագ զարգացող տեսախաղերի արդյունաբերության ոլորտում»,- նշել է նա, հավելելով, որ արդեն ընտրված են այն ուսանողները, որոնք պետք է տեսախաղեր ստեղծեն:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի հասարակական կապերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանի խոսքով, «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակներում երիտասարդները ձեռք են բերում ինքնազարգացման եւ ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ եւ ինքնակենսագրական (CV) գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ:

Էլինա Մարգարյանը Էլինա Մարգարյանը
photo © COCA-COLA


«Մասնակիցները սովորում են նաեւ բիզնես հմտություններ (ժամանակի եւ նախագծերի կառավարման, հաղորդակցական, վաճառքի հմտություններ), բիզնես պլանավորում, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտություն: COCA-COLA VIDEO GAMES LAB YSU լաբում եւս ներառված է բիզնեսի առաջխաղացման մի շարք գիտելիքների ուսուցումը»:

Նրա խոսքով, ծրագրի հետ կապված ստացել են ակտիվ արձագանքներ թե Երեւանում, թե մարզերում բնակվող երիտասարդների կողմից, ինչն էլ վկայում է ծրագրի արդիականության մասին:

«Իրականում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր ընկերության մշակույթի անբաժանելի մասն է: Մենք դրան նայում ենք ոչ թե որպես աշխատանքի մաս, այլ կորպորատիվ մտածելակերպ: Մեզ համար կարեւոր են շրջակա միջավայրի վրա ունեցած հնարավոր ազդեցության նվազեցման, համայնքների բարեկեցության ապահովման եւ երիտասարդների զարգացման հարցերը: Այդ է պատճառը, որ մեր ընկերությունն իր ներդրումների մեծ մասն ուղղում է հենց այդ խնդիրների լուծմանը»,- նշել է Էլինա Մարգարյանը:

Ընկերության կոմերցիոն գերազանցության եւ մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանի խոսքով, նորաստեղծ հարթակը կտեղակայվի ԵՊՀ տարածքում եւ կկահավորվի «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի կողմից՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Եսայի Մելիք-Յոլչյանը Եսայի Մելիք-Յոլչյանը
photo © COCA-COLA


«Համագործակցությունը միտված է նաեւ կրթել եւ լրացուցիչ գիտելիքներ տրամադրել երիտասարդներին՝ բիզնեսի եւ կյանքի հմտությունները զարգացնելու միջոցով: Կոկա-Կոլա ՀԲՔԱ ընկերության աշխատակիցները կվարեն դասընթացներ եւ կդառնան դասընթացի մասնակիցների մենթորներ՝ այդպիսով աջակցելով մասնակիցներին հաջողությամբ անցնել դասընթացները»։  

Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանի կարծիքով, COCA-COLA VIDEO GAMES LAB YSU-ի ստեղծումը Հայաստանում խաղերի ստեղծման ոլորտի համար շատ կարեւոր մշակույթ կարող է ձեւավորել:

Նարեկ Աղեկյանը Նարեկ Աղեկյանը
photo © COCA-COLA


«Խաղերի ստեղծման նորաստեղծ ինկուբատորն ունի կրթական բաղադրիչ (3 ամիս), ինչին կհաջորդի 6 ամիս ինկուբացիոն ժամանակահատվածը: Կարեւոր եմ համարում այն, որ առաջին անգամ Հայաստանում ԲՈՒՀ-ը սկսեց մասնակցել խաղաստեղծների կրթման պրոցեսին։ Սա ամենաքիչն օրինակ է ծառայելու, որ հետագայում ԲՈՒՀ-ում հայտնվեն նախ ամբիոններ եւ ապա նաեւ խաղերի ստեղծման ֆակուլտետներ: Սա երկարաժամկետ կարեւորություն ունեցող ծրագիր է եւ մենք՝ ոլորտի ներկայացուցիչներս, հնարավորության չափով պետք է աջակցենք նախագծի կայացմանը»,- հավելել է Նարեկ Աղեկյանը:

Նարինե Դանեղյան