Այսօր Երեւանի պետական համալսարանը եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել ՏՏ ոլորտի, ինչպես նաեւ երիտասարդների համապատասխան հմտությունների զարգացումը՝ ստեղծելով «Coca-Cola Video Games Lab YSU» վերապատրաստման եւ զարգացման հարթակ:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, անդրադառնալով հարթակի ստեղծման նախաձեռնությանը, նշել է, որ այն կգործարկվի այս տարի եւ բաց կլինի նաեւ այլ բուհերի ուսանողների համար:
«Հարթակի շնորհիվ մի շարք շնորհալի երիտասարդներ հնարավորություն կունենան իրենց կարողությունները զարգացնել վիդեոխաղերի շուկայում: Դրան հասնելու համար նրանք պետք է ստանան լրացուցիչ հմտություններ տարբեր մասնագիտությունների գծով, որոնք կամ չեն դասավանդվում կամ ոչ այնքան խորն են ուսումնասիրվում համալսարանում: Այս հարցում մեզ կօգնի «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն»,- նշել է նա:
Գեղամ Գեւորգյանի խոսքով, երիտասարդները խորը գիտելիքներ կստանան այն բոլոր մասնագիտությունների գծով, որոնք անհրաժեշտ են վիդեոխաղեր ստեղծելու համար:
«Մեր ընկերությունը՝ հանդիսանալով որպես խոշոր գործատու, իր առաքելությունն է համարում նպաստել Հայաստանի կրթական ոլորտի զարգացմանը: Համագործակցությունը ՀՀ լավագույն բուհերից մեկի՝ ԵՊՀ-ի հետ, շատ կարեւոր է մեզ համար: Մենք մշտապես աջակցում ենք երիտասարդներին՝ զարգացնելու իրենց հմտությունները՝ հետագայում որակյալ աշխատուժ ունենալու տեսլականով»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:
Նա նշել է, որ հարթակի աշխատանքներում ներգրավվելու է ընկերության ղեկավար կազմը, տեղական եւ արտերկրից մենթորներ, ինչպես նաեւ ԵՊՀ դասախոսական կազմը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք Յոլչյանն էլ նշել է, որ հարթակը անվճար է լինելու:
«Մեր խորին համոզմամբ Հայաստանը եւ հայ երիտասարդները մեծ ներուժ ունեն տեսախաղերի ստեղծման ոլորտում, քանի որ տեսախաղերի ստեղծումը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական գիտելիքների պաշար, այլեւ ստեղծագործական միտք եւ ձեռներեցական հմտություններ: Այս ծրագրով հնարավորություն կտանք երիտասարդներին իրականություն դարձնելու իրենց գաղափարները:
Պլանավորվում է առաջին խումբը հավաքագրել մինչեւ մարտի մեկը: Հայտը հասանելի է այստեղ: Անվճար դասընթացները տեւելու են երեք ամիս, ինչից հետո ուսանողներից կազմված խմբերը կկարողանան իրականացնել իրենց գաղափարները ինկուբացիոն ծրագրի միջոցով, որը կտեւի մինչեւ 6 ամիս, որտեղ մենթորների օգնությամբ թիմերը կանցնեն աքսելերացիոն ծրագիր: Արդյունքում նրանք մեր կողմից կստանան աջակցություն եւ կապեր՝ հետագա զարգացման համար: Ծրագրի տեսլականն է սկսնակին զրոյից դարձնել խաղ ստեղծող ձեռնարկատեր»,- նշել է Եսայի Մելիք Յոլչյանը:
«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատու ընկերություն, մեզ համար շատ կարեւոր է, որ երիտասարդներն այս հարթակում ձեռք բերեն այն գիտելիքները, որոնք հետագայում կօգնեն առաջխաղացում ապահովել իրենց կարիերայում, ավելի մեծ թիմ ստեղծել եւ դուրս գալ միջազգային շուկա: Նշեմ, որ ամբողջ աշխարհում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների շրջանակում մեր ընկերությունն արդեն վերապատրաստել է շուրջ կես միլիոն երիտասարդի»,- հավելել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի հասարակական գործերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը։