14:22 | 16.02.21 | Նորություններ | 14035
Հայ Կրթական Հիմնարկությունը համագործակցելով Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ, մեկնարկում է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում:
ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, ծրագրի ընթացքում, որը կօգնի մասնակիցներին ուղղորդել դեպի ինժեներական եւ պոլիտեխնիկական բարձրագույն կրթություն, աշակերտները կմշակեն ինժեներական նախագծեր եւ պրոդուկտներ:
«Կրթական ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների շրջանում՝ տրամադրելով նրանց գործնական ուսուցման կիրառմամբ արդիական եւ մրցունակ ինժեներական հմտություններ»,- ընդգծել է նա:
Ամալյա Եղոյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում կպատրաստվի հատուկ լսարան՝ հագեցած ինժեներական սարքավորումներով, իսկ դասավանդողները կընտրվեն երկրում գործող ինժեներական ընկերություններից։
«Ստեղծված իրավիճակում բոլորիս առաջ պետք է լինի մեկ նպատակ՝ Հայաստանի զարգացումը: Մեր տեսլականն այս հարցում այն է, որ ինժեներական կրթությունը Հայաստանի զարգացման կարեւորագույն ուղղություններից է, այդ նպատակով մեկնարկում ենք «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը»,- նշել է Հայ Կրթական Հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը:
«Հայ Կրթական Հիմնարկության դոնորները երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին կարեւորում են կրթական նման նախաձեռնությունները, հույս հայտնելով, որ նոր սերնդին կրթելը լավագույն ներդրումն է Հայաստանի ապագայում»,- հավելել է Հայ Կրթական Հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Հերմինե Փախչանյանը:
Հայ Կրթական Հիմնարկության կողմից ֆինանսավորվող ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել հետեւյալ հայտադիմումը մինչեւ ս․թ․ փետրվարի 28-ը, ժամը 23։59։ Դասընթացների մեկնարկը նախատեսված է մարտի 8-ին։
Ծրագրին, որի դասընթացավարներն ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետներ են, կարող են դիմել Շիրակի մարզի ավագ դպրոցների 11-րդ դասարանի այն աշակերտները, որոնք ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ եւ փորձ հետեւյալ ուղղություններում․
- Ծրագրային ճարտարագիտություն (Software Engineering). Python; Մեքենայական ուսուցում (Machine Learning)
- Մեքենաշինություն (Mechanical Engineering). 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում
- Էլեկտրատեխնիկա (Electrical Engineering). էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում եւ իրականացում
- Արտադրանքի մշակում (Soft Skillset). նախագծերի կառավարում, թիմային աշխատանք
Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մաթեմատիկայի գրավոր թեստի եւ հարցազրույցի միջոցով, որի ժամանակ կստուգվեն դիմորդների տրամաբանությունը եւ ինժեներական ոլորտի հանդեպ հետաքրքրությունը։