17:17 | 12.04.21 | Նորություններ | 7459

Կայացավ «ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլը

Ապրիլի 10–ին կայացել է «ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը:

«Այսօր ձեզ տրված է բացառիկ հնարավորություն, ձեր գաղափարներն ու մտքերը ներկայացնելու, համոզելու դրանց հեռանկարի մեջ եւ կարողանալու ներդրումներ բերել այդ գաղափարի իրագործման համար: Ամեն ինչի կենտրոնում իհարկե կանգնած է միտքը, որը նաեւ ձեր այսօրվա միջոցառման կենտրոնական բառն է: Ցանկացած փոփոխություն, առաջընթաց, երազանք, հաղթանակ նախեւառաջ սկսում է մտքից»,- շեշտել է նախարարը:


Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ սա մասնավոր ընկերության հետ առաջին նորարարական հարթակն է: Նա նաեւ շեշտել է համատեղ գործունեության կարեւորությունը՝ երիտասարդ ձեռներեցների միտքը զարգացնելու հարցում:

«ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագիրը նախատեսում է տասներկուշաբաթյա ինտենսիվ դասընթացներ գաղափարի փուլում գտնվող ստարտափ թիմերի համար: Այն իրականացնում է Դիջիթեյնը իր ԴիջիՔաղաք նախագծի շրջանակներում եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համատեղ:


Ծրագիրը միտված է անհրաժեշտ ռեսուրսներով ապահովել տեխնոլոգիական գաղափարներ ունեցող ստարտափներին, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ, որոնք էլ, իրենց հերթին, կզարգացնեն եւ կխթանեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը: «ՄԻՏՔ» ինկուբացիոն ծրագիրը կիրականացվի Դիջիթեյնի գրասենյակում, որտեղ ստարտափ թիմերին  կտրամադրվեն աշխատասեղաններ եւ բարենպաստ աշխատանքային պայմաններ:


Տասներկուշաբաթյա ծրագիրը ներառում է հետեւյալ փուլերը՝

1.    Ծանոթացում
2.    Հաճախորդների եւ շուկայի վերլուծություն
3.    Նախատիպերի մշակում եւ զարգացում
4.    Բիզնեսի զարգացում
5.    Փիչինգ

Մրցույթի ժամանակ ելույթ ունեցան 35 դիմում ներկայացրած ստարտափ թիմերից հարցազրույցի փուլն անցած 13 թիմերը: Ստարտափ թիմերի գործունեության ոլորտները բազմազան էին՝ ֆինանսական տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, առողջապահություն, տուրիզմ, գյուղատնտեսություն, AR/VR, ռազմարդյունաբերություն եւ այլն:


Հատկանշական է, որ «ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագրին դիմել էին ստարտափ թիմեր նաեւ արտերկրից, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր մարզերից: Դիջիթեյնը կարեւորում է մարզերի հզորացումը՝ նաեւ տեխնոլոգիաների միջոցով:

«ՄԻՏՔ» ինկուբացիոն նախագիծը ԴիջիՔաղաք նախագծի առաջին մեծ քայլն է իր մեծ նպատակին ծառայելու՝ զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը եւ ստեղծել տեխնոլոգիական ձեռներեցների մեծ համայնք», նշել է «ՄԻՏՔ» նախագծի պատասխանատու Մարիամը:


Ժյուրիի քվեարկության արդյունքում ինկուբացիոն ծրագիր անցան 8 ստարտափ թիմեր: Ընտրված թիմերն են.՝ AR trails, Gabby, Armbionics, Axona, MedTech, Payman, Streameal եւ Prekog.ai։


«Մենք շատ ոգեւորված ենք հեռանկարային թիմեր ընտրելու եւ իրենց լիարժեք ներուժը բացահայտելու եւ զարգացելու թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաների համար: Ծրագիրը կնպաստի թիմերի՝ գաղափարը բիզնես վերածելու գործընթացում»,- շեշտել է Աննան՝ M1TQ ծրագրի համակարգողը:

Ինկուբացիայի ընթացքը կսկսվի Դիջիթեյնի գրասենյակում` ապրիլի 20-ից: