14:52 | 09.04.21 | Նորություններ | 1845

EPIC-ը՝ Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային կազմակերպիչ

Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2021-ի հայտերի ընդունումը սկսվել է ՝ նպատակ ունենալով ընդլայնել առաջին տարում գրանցած 175,000 մասնակիցների թիվը 200-ից ավելի երկրներից:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում գլոբալ հարթակում պայքարել 1 մլն ԱՄՆ դոլարի դրամական պարգեւի համար, ինչպես նաեւ տրամադրվում է լրացուցիչ ներդրումային հնարավորություններ եւ 750,000 ԱՄՆ դոլարի չափով աջակցություն հետագա գործունեության համար:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հանդիսանում է Հայաստանի պաշտոնական ազգային կազմակերպիչը`օգնելով երկրի ձեռներեցներին իրականացնել եւ զարգացնել իրենց գաղափարները:


«EPIC-ը` Նորարարության առաջընթացի գերազանցության կենտրոնի միջոցով, հպարտությամբ  ստանձնել է միջոցառումը Հայաստանում անցկացնելու պատասխանատվությունը: Հուսով ենք, որ EWC-ն կօգտագործվի ոչ միայն որպես հարթակ Հայաստանի ձեռներեցներին աջակցելու եւ խթանելու համար, այլ նաեւ որպես միջոց տեղական ձեռնարկությունների եւ արդյունաբերական գործընկերների հետ համագործակցության համար: Ներկա պահին մենք բանակցությունների մեջ ենք տեղական ստարտափ էկոհամակարգի գործընկերների, Հայաստանի համալսարանների, կառավարության եւ տեղական գործարար համայնքի հետ ՝ միջոցառման իրականացման պատասխանատվությունը կիսելու ու դրա հաջողությամբ իրականացնելու համար: Որպես միջոցառման ազգային փուլի կազմակերպման գործընկերներ ՝ մենք պլանավորելու, խթանելու եւ իրականացնելու ենք ազգային մրցույթը ՝ ի շահ բոլորի»,- նշել է ՀԱՀ Նորարարության առաջընթացի գերազանցության կենտրոնի եւ EPIC-ի տնօրեն Մայքլ Քուշաքջեանը:

EWC-ն ավելին է, քան պարզապես միջազգային մրցույթ՝ կյանքի համար բեկումնային ազդեցություն ունեցող մրցանակներով: Այն օգնում է ձեռներեցներին առաջադիմել իրենց ստարտափի զարգացման ցանկացած՝ գաղափարային, սկզբնական եւ ընդլայնման փուլերում՝ նրանց տրամադրելով գործիքներ եւ ռեսուրսներ իրենց ստարտափը զարգացնելու համար:

EWC Accelerates-ը վիրտուալ ուսուցման եւ մենթորական ծրագիր է, որն օգնում է ձեռներեցներին կատարելագործել իրենց հմտությունները եւ մեծացնել  մրցույթի ազգային փուլում հաղթելու հնարավորությունները, ինչպես նաեւ հայտնվել միջազգային եզրափակիչում:

EWC առցանց պլատֆորմը բոլոր մասնակիցներին, ովքեր հաղթահարել են հայտի լրացման փուլը, տրամադրում է ավելի քան 25,000 ԱՄՆ դոլարին համարժեք լրացուցիչ ծառայություններ այնպիսի գործընկերների կողմից, ինչպիսիք են Google Cloud, Hubspot, Stripe եւ այլն:

«Մենք ձգտում ենք EWC Հայաստանը դարձնել իսկապես համազգային միջոցառում, որը կներառի Հայաստանի ձեռներեցության էկոհամակարգի ողջ սպեկտրը ՝ սկսած ձեռներեցից մինչեւ կառավարություն եւ ՏՏ ոլորտից մինչեւ կերպարվեստ: Այդ նպատակով էլ, մենք չենք դնում որեւէ սահմանափակում ձեռներեցության գաղափարների եւ տեսակի կամ բնույթի վրա, որոնք կմրցեն Ձեռներեցության ազգային գավաթի համար: Որպես զարգացող ձեռներեցության երկիր, մենք հավատում ենք, որ Հայաստանը պետք է ունենա գոնե մեկ արժանի ներկայացուցիչ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք EWC գլոբալ եզրափակչում», - ասաց ՀԱՀ Նորարարության առաջընթացի գերազանցության բաց կենտրոնի փոխտնօրեն եւ EPIC-ի ձեռներեցության խորհրդատու Նժդեհ Հովհաննիսյանը:

Ազգային եզրափակչի մրցախաղերը անցկացվելու են 2021 թվականի հուլիս ամսին: 2021 թվականի նոյեմբերին 100 ստարտափներ կուղեւորվեն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաք ՝ մասնակցելու EWC Accelerate ծրագրին ՝ ինտենսիվ ստարտափ bootcamp-ի համար եւ մրցելու EWC Global Finals-ում: