15:13 | 24.03.21 | Նորություններ | 6352

InVent 2.0. FAST-ի նորարարության վենչուրային ծրագիրն ընդունում է հայտեր

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է իր նորարարության վենչուրային ծրագրի երկրորդ փուլը՝ InVent 2.0-ը:

Ծրագիրը համախմբում է տարբեր ոլորտներից մարդկանց՝ միանալու արհեստական բանականության ոլորտի մասնագետների հետ եւ աշխատելու FAST-ի սեփական մեթոդաբանությամբ մշակած եւ առաջարկած մարտահրավերների շուրջ։

Ծրագրի առաջին փուլում այս մարտահրավերները վերածվում են բիզնես գաղափարների, իսկ հետագա փուլերի ընթացքում թիմերն աշխատում են քոուչների հետ իրենց ստարտափները զարգացնելու եւ նախատիպի ֆինանսավորման համար փիչինգին պատրաստվելու նպատակով։ Ամերիաբանկը նույնպես միացել է ծրագրին եւ ոլորտում առկա մարտահրավերներ է տրամադրելու թիմերին լուծումներ ստանալու նպատակով։

«InVent 1.0-ի շրջանակներում մեր ստարտափները նախատիպի ստեղծման համար ստացել են 5,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում, գրանցել են իրենց նոր կազմակերպությունները եւ այժմ գտնվում են նախատիպի մշակման եւ փորձարկման փուլում: Մենք հետեւում ենք նրանց զարգացումներին InVent-ի համար հաջող շարունակականություն ապահովելու նպատակով։ InVent 2.0-ի ընդհանուր եւ կրթական ծրագրերում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է մեծացնել մեր հաղթող թիմերի հնարավորությունները մտնելու աքսելերացիոն փուլ»,- նշել է FAST-ի նորարարությունների վերլուծաբան Աննա Խաչատրյանը:

Տասնհինգշաբաթյա այս ծրագիրը բաց է ինչպես անհատների, այնպես էլ թիմերի համար․ երկու դեպքում էլ մասնակիցներն աշխատելու են FAST-ի կողմից առաջարկված գաղափարների վրա։ InVent 2.0-ի դասընթացները նախատեսվում են շաբաթական երկու անգամ երեկոյան ժամերին, որպեսզի մասնակիցները կարողանան համատեղել ծրագիրն իրենց առօրյայի հետ։

Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչեւ 2021թ․-ի ապրիլի 7-ը ներառյալ։ Հայտը հասանելի է այստեղ:

Իր գործունեության առաջին 3 տարիների ընթացքում հիմնադրամն իր ծրագրերի միջոցով ներգրավել է ավելի քան 4,600 շահառուների, այդ թվում՝ ուսանողների, հետազոտողների, ձեռներեցների, ստարտափների եւ քաղաքականություն մշակողների։

Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել հետազոտողների համար, որոնց միջոցով ֆինանսավորում է տրամադրվել 43 հետազոտողների, աջակցություն է ստացել միջազգային 21 համագործակցային հետազոտական ծրագիր, Հայաստանում հյուրընկալվել է օտարերկրյա 100 հետազոտող։ Մի քանի նախագծերի արդյունքում 25 այց է կազմակերպվել միջազգային լաբորատորիաներ, եւ մոտ 70 գիտական աշխատանքներ են ստեղծվել, որոնցից 50-ն արդեն հրատարակվել են միջազգային հանդեսներում։