14:10 | 10.03.21 | Նորություններ | 2468

Հայտնի են 2020թ. «ինտերնետի հիմնական թշնամիները»

2020թ. 29 երկրներ իրենց տարածքներում դիտավորյալ դադարեցրել կամ դանդաղեցրել են ինտերնետի գործունեությունը՝ 155 անգամ:

Այս մասին նշվում է Access Now հասարակական կազմակերպության ուսումնասիրության մեջ, որի հիմնական փաստերը մեջբերում է Al Jazeera-ն:

Խախտումների մեծ մասը գրանցվել է անցյալ տարի Հնդկաստանում, որտեղ ինտերնետն անջատվել է 109 անգամ: Անջատումների շուրջ 90%-ը տեղի է ունեցել Քաշմիրում, որի վերահսկողության համար Հնդկաստանն ու Պակիստանը վիճում են ավելի քան կես դար:

Նշվում է, որ Քաշմիրի տարածքում 2020թ. հունվարից մինչեւ 2021թ. փետրվարն ընկած հատվածում բոլոր բջջային ցանցերն աշխատում էին 2G ռեժիմով, ինչը գրեթե անհնար էր դարձնում դպրոցականների եւ ուսանողների հեռավար ուսուցումը:

Ինտերնետի թշնամիների ցանկում Հնդկաստանին հաջորդում են Եմենը,  Եթովպիան  եւ Հորդանանը:  Եվրոպայում միակ երկիրը, որտեղ 2020թ. բնակչությունը երկու անգամ զրկվել է ինտերնետից՝ Բելառուսն էր:

Վարկանիշում ընդգրկված են նաեւ Ալժիրը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Բուրունդին, Վենեսուելան, Վիետնամը, Գվինեան, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Քենիան, Ղրղզստանը, Կուբան, Մալին, Մյանմարը, Պակիստանը, Սիրիան, Սուդանը, Տանզանիան, Տոգոն, Թուրքիան, Ուգանդան, Չադը եւ Էկվադորը: