13:49 | 09.03.21 | Նորություններ | 2268
«Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում մարտի 5-ին կայացել է ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաջին ինկուբացիոն փուլի 44 հաջողակ ռեզիդենտների վկայականների հանձնման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երեւանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ԻՐԻՍ ծրագրի ընդհանուր ղեկավար Միխայել Գրաբները (Ավստրիական Կարմիր խաչ), ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի հիմնադիր կազմակերպությունների ներկայացուցիչներ` Լուսինե Ստեփանյանը (Հայկական Կարիտաս) եւ Ռուբեն Օսիպյանը (ՓՄՁ համագործակցության ասոցիացիա), ինչպես նաեւ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը՝ ԻՐԻՍ ԲԻ գործընկերների եւ ռեզիդենտների հետ միասին:
«2020թ. բարդ տարի էր Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների համար: ՓՄՁ-ները կարող են դառնալ երկրի տնտեսության վերականգնման հիմքը: Ես հպարտ եմ, որ անկախ բոլոր մարտահրավերներից, ԵՄ կողմից ֆինանսավորվող ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն օժանդակել է 44 նոր եւ գործող բիզնեսների։ Մեր նպատակն է աջակցել Հայաստանին՝ դառնալու բիզնես սկսելու եւ զարգացնելու լավագույն վայրը։ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանում ձեռներեցներին հզորացնելու՝ իր նպատակին»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ընդգծելով, որ 44 ձեռնարկատերերից 22-ը կանայք են։
Միջոցառման ընթացքում Նարինե Թերզյանը, Լուսինե Ստեփանյանը եւ Ռուբեն Օսիպյանը հավաստագրեր հանձնեցին ԻՐԻՍ ԲԻ 44 ռեզիդենտներին, որոնք հաջողությամբ անցել էին ԻՐԻՍ ակադեմիան եւ ստացել ֆինանսավորում։ Ձեռներեցները նաեւ հնարավորություն ունեցան իրենց արտադրանքը եւ ծառայությունները ներկայացնել առանձին սրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, որի ընթացքում կապեր ստեղծեցին մենթորների եւ այլ գործընկերների հետ։
Ավելի քան 400,000 եվրո ընդհանուր գումարի շրջանակում ֆինանսավորման պայմանագրեր են ստորագրվել ԵՄ ԻՐԻՍ ԲԻ 1-ին ինկուբացիոն փուլի 44 հաջողակ ձեռներեցների հետ: ԻՐԻՍ ԲԻ թիմը 2-րդ ինկուբացիոն փուլի մասնակիցներին եւս կտրամադրի բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա եւ ֆինանսավորում։
Միաժամանակ թիմը պատրաստվում է ինկուբացիոն 3-րդ փուլի մեկնարկին, որը տեղի կունենա 2021թ․ մայիս-հունիս ամիսներին: