11:00 | 09.03.21 | Նորություններ | 2043
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը վերսկսելու մասին։
Մինչեւ մարտի 30-ն իրականացվելու են դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերի վերանայման, հաղթող կազմակերպությունների հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն իսկ կայացել է շահառուների ներկայացրած ծրագրերի վերանայման հանձնաժողովի առաջին նիստը, եւ հանձնաժողովի դիտարկմանն են հանձնվել վերաձեւակերպված հայտերը:
Պատերազմի ընթացքում՝ երկրի առաջնահերթ կարիքները հոգալու անհրաժեշտության թելադրանքով, Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում անցկացված դրամաշնորհային մրցույթների հաղթողների հետ համապատասխան պայմանագրերի կնքման եւ գումարների փոխանցման գործընթացը սառեցվել էր, եւ տվյալ միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները վերադարձվել էր ՀՀ պետական բյուջե։
ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեից միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։
Բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանում Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված Հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակներում 64 ընկերություններ կստանան պետական դրամաշնորհներ, ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ դրամ բյուջեով՝ հետեւյալ համամասնությամբ.
- մինչեւ 10 մլն դրամ՝ 23 ընկերություններ,
- մինչեւ 20 մլն դրամ՝ 41 ընկերություններ։