12:07 | 05.03.21 | Նորություններ | 2538

TikTok-ի սեփականատերը Clubhouse-ին նմանվող հավելված է մշակում

TikTok-ի սեփականատեր չինական ByteDance ընկերությունը աշխատում է Clubhouse ձայնային սոցիալական ցանցի նմանօրինակը ստեղծելու ուղղությամբ՝ չինական շուկայի համար:

Reuters-ի փոխանցմամբ, հավելվածի մշակման աշխատանքները վաղ փուլում են գտնվում: Այս տարվա փետրվարին Չինաստանի իշխանությունները արգելափակել էին Clubhouse-ը, ինչի արդյունքում երկրում տասնյակ կրկնօրինակներ էին հայտնվել:


Դրանց թվում է Xiaomi-ն՝ իր Mi Talk հավելվածով: Այն միայն հրավերով աուդիոծառայություն է՝ նախատեսված պրոֆեսիոնալների համար:  

Clubhouse-ը գործարկվել է 2020-ի մարտին եւ այժմ Սիլիկոնյան հովտի ամենաարագ աճող ստարտափներից մեկն է: Ներկայումս սոցցանցում կարող են գրանցվել միայն iPhone ունեցողները՝ հատուկ հրավերի միջոցով:

Clubhouse-ն այսօր գնահատվում է $1 մլրդ: Հարթակը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել ձայնային քննարկումներ՝ «սենյակներ»: Դրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի ադմինիստրատոր, որոնք կարող են ցանկացած պահի մասնակցել խոսակցությանը. սենյակում միաժամանակ կարող է ընդգրկվել մինչեւ 5000 ունկնդիր: Վերջիններս պետք է ձեռք բարձրացնեն՝ խոսելու համար եւ սպասեն ադմինիստրատորներից մեկի հաստատմանը: