17:45 | 09.02.21 | Նորություններ | 2908

2020թ. 192 ստարտափ մուտք է գործել բարձր տեխնոլոգիական ոլորտ

2020թ. բարձր տեխնոլոգիական ոլորտ է մուտք գործել 192 նոր ընկերություն, որոնք ստացել են հավաստագրեր և կօգտվեն հարկային արտոնություններից:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Խոսելով ոլորտի հաջողությունների մասին, նա նշել է, որ 1228 գործող ընկերությունների շրջանառությունն աճել է 20,6 տոկոսով՝ հասնելով 198 մլրդ դրամի։ 22 տոկոսով էլ աճել է ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվը՝ կազմելով 18 հազ. 747 մարդ։  

Հակոբ Արշակյանի խոսքով, ոլորտի ընկերությունների վճարած հարկերը նախորդ տարի աճել են 14 տոկոսով՝ անցնելով 41 մլրդ դրամը։


Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա եթե 2019թ. ոլորտում միջին աշխատավարձը կազմել է շուրջ 544 հազ. դրամ, ապա 2020թ. գերազանցել է 580 հազ.-ը։

Նախարարը հավելել է, որ հայաստանյան ծագում ունեցող ստարտափները 2020թ.  ներգրավել են շուրջ $50 մլն ներդրումներ, հույս հայտնելով, որ առաջիկայում այդ ցուցանիշը աճ կգրանցի: