17:29 | 09.02.21 | Նորություններ | 3171
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարվածային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքերին, նշելով, որ այս ուղղությամբ կան տասնյակ ֆինանսավորված նախագծեր, որոնց մի մասն արդեն տրամաբանական ավարտին է հասցվում:
«Թե՛ հարվածային, թե՛ հետախուզական տեսանկյունից արդեն իսկ հասնում ենք արտադրական հնարավորությունների: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում եւ նաեւ լայնորեն կիրառվել են մեր զինված ուժերի կողմից՝ Արցախյան պատերազմի ընթացքում»,- նշել է Արշակյանը:
Նախարարը խոսել է նաեւ օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասին, նշելով, որ ունենք բավականին լուրջ մշակումներ:
«Արդեն ունենք արտադրական հզորություններ: Առաջիկայում դրանք կընդլայնվեն, եւ ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն ինչպես մեր Զինված ուժերի ձեռքբերումների տեսանկյունից, այնպես էլ արտահանման տեսանկյունից»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Նա նաեւ հայտարարել է, որ Կառավարությունն առաջնահերթություն է տվել ռազմարդյունաբերության ոլորտին:
«2017թ. ունեցել ենք 1,6 մլրդ դրամ հատկացումներ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով: 2018թ. այն աճել է մինչեւ 2,4 մլրդ դրամ, 2019թ.՝ 3,8 մլրդ, 2020թ. փաստացի կազմել է 3,3 մլրդ դրամ եւ դրան գումարվել է եւս 3,4 մլրդ դրամ՝ լրացուցիչ հատկացումներ պատերազմի մեկնարկի հետ զուգահեռ: 2021թ. նախատեսվում է 4,6 մլրդ դրամ: Այսինքն՝ եթե համեմատենք 2017 թ. հետ, այն գրեթե երեք անգամ գերազանցում է այս հատկացումները»,- նշել է Հակոբ Արշակյանը: